«Լրագիր» 17-3-2012- Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վերաբերյալ հասարակությունում առկա քննարկումների, հնչած տեսակետների թեկուզ եւ հպանցիկ դիտարկումը ցույց է տալիս, որ այդ հարցի վերաբերյալ չկա բավարար չափով հստակություն:
Նախ` պարզություն չկա թերեւս ամենակարեւոր հարցում` կապ կա՞ արդյոք ՀՀ անվտանգության ապահովման խնդրի եւ ՆԱՏՕ-ի հետ առկա համագործակցության միջեւ, թե` ոչ: Եվ եթե կա, ապա ինչ բնույթի է այդ կապը:
Օրինակ` վերջերս Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղություններից մեկն է: Իսկ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ “ՆԱՏՕ-ի հետ մասնակցում ենք համագործակցային անվտանգությանը”, սակայն նաեւ հավելեց, որ “առկա են մի շարք հանգամանքներ, որոնց պարագայում այսօր առնվազն անիրատեսական է խոսել մեզ համար ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքական անվտանգության մասին”:
Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ պաշտոնյաները ցանկանում են ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններն ինչ-որ կերպ կապել մեր անվտանգության ապահովման հետ: Սակայն ինչպես է “ՆԱՏՕ-ի հետ համագործակցային անվտանգությունում մասնակցությունը”, ի թիվս այլ ուղղությունների, ապահովում ՀՀ անվտանգությունը: Եվ, ընդհանրապես, ապացուցվա՞ծ է արդյոք, որ համագործակցության առկա ձեւաչափի եւ ՀՀ անվտանգության ապահովման միջեւ կա կոռելյացիա: Եթե ապացուցված է, որ կա, ապա ինչպիսին է այն: Միգուցե վերոնշյալ կամ/եւ այլ պաշտոնյաների համար ամեն ինչ պարզ է, սակայն միանշանակ է, որ հասարակության աչքի առջեւ միայն հարցականներ են:
Անհստակությանն առնչվող երկրորդ խնդիրը ՆԱՏՕ-ի հետ առկա հարաբերությունների տրամաբանությունն է: Ո՞րն է այն: Ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ հենց այսօրվա համագործակցության ձեւաչափն է ամենալավագույնը: Պետք է արդյոք ավելի խորացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, թե կանգ առնել հարաբերությունների այսօր գոյություն ունեցող մակարդակի վրա:
Կա, կարծես թե, գերիշխող տեսակետ, որ այսօրվա հարաբերությունների մակարդակն ամենաընդունելին է, իսկ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր չպետք է լինի մեր օրակարգում: Սակայն այս տեսակետի հիմնավորման համար բերվող փաստարկները հստակորեն չեն բացահայտում համագործակցության առկա ձեւաչափի տրամաբանությունը: Օրինակ` ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը նշում է. “Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է, սպառնալիք է ՀՀ ազգային անվտանգությանը: Սա պատճառ է, որ մենք մեր հայացքն ուղղենք ոչ թե ՆԱՏՕ՝ որպես մեր անվտանգության խնդիրը փարատողի, այլ՝ բռնենք ուրիշ ուղղություն, որն ավելի արդյունավետ է մեզ համար”: Բայց չէ որ ՆԱՏՕ-ի կազմի մեջ է մտնում, օրինակ, Հունաստանը, որը Կիպրոսի եւ ոչ միայն այդ հարցի առնչությամբ լուրջ խնդիրներ ունի Թուրքիայի հետ: Իսկ միգուցե Թուրքիայի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը դրակա՞ն դեր է խաղում մեր անվտանգության համար, միգուցե ՆԱՏՕ-ն զսպում է Թուրքիային, ու եթե Հայաստանն ավելի մոտենա դաշինքին, ապա այդ զսպումն առավել կուժեղանա: Սակայն հիմնականում հասարակական-քաղաքական դաշտում վերոնշյալ հարցերի շուրջ չի ծավալվում որեւէ լուրջ քննարկում կամ բանավեճ: Ստացվում է, որ առանց այս ամենը համակողմանի ու խորությամբ քննելու հասարակական եւ քաղաքական ուժերի համար այստեղ ամեն ինչ պարզ է ու միանշանակ, ինչը մի փոքր տարօրինակ է:
Եվ, վերջապես, երրորդ հիմնական անհստակությունը կապված է առկա ձեւաչափի արդյունավետության չափման հետ: Տարբեր պաշտոնյաներ առկա համագործակցության որակը բարձր են գնահատում: Սակայն ինչպե՞ս են նրանք չափել համագործակցության արդյունավետությունը:
Հայտնի է, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը ներառում է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Հայաստանին տրամադրվող խորհրդատվական եւ փորձագիտական աջակցություն, որի հիմնական տարրերից են ռազմական կրթությունը, կրտսեր հրամանատարների արհեստավարժ ինստիտուտի զարգացումը եւ այլն: Այդ առումով հասարակությանը հետաքրքիր կլինի իմանալ, թե, օրինակ, քանի սպա է ձեռք բերել եվրոպական արժեքների համաձայն զինվորական ծառայություն իրականացնելու կարողություն: Կամ` համագործակցության ընթացքում ի՞նչ տեսակի ռազմական հմտությունների են սկսել տիրապետել հայ զինվորականները: Համագործակցության արդյունքում զինվորական կազմի քանի՞ տոկոսն է տիրապետում նոր հմտությունների եւ կարողությունների, ին՞չ գիտելիքներ է տրամադրում ՆԱՏՕ-ն Հայաստանին, որոնց չի տիրապետում, ասենք, ՀԱՊԿ-ը: Եթե ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդյունքում, ընդհանուր առմամբ, մեր բանակի պատրաստվածության մակարդակը բարձրանում է, ապա ինչո՞ւ չխորացնել այդ գործակցությունը: Հատկապես ո՞ր ոլորտներին վերաբերող եւ ի՞նչ կարգի գիտելիքների պակասն է մեզ հատուցում ՆԱՏՕ-ն: Արդյո՞ք այդ գիտելիքներին եւ կարողություններին տիրապետում է միայն ինքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ հենց ՆԱՏՕ-ից ենք մենք դրանք վերցնում:
Միգուցե ՀՀ իշխանությունները կարողանում են չափել համագործակցության արդյունավետությունը եւ ունեն բոլոր հարցերի պատասխանները, սակայն այստեղ նույնպես հասարակության առջեւ միայն հարցեր են:
Էդգար Վարդանյան, ՌԱՀՀԿ փորձագետ
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment