Tert.am. 15-3-2012-«Ալի Էրթան Թոփթակը` Գերմանիայի ալավիների համայնքի նախագահը», գտնում է, որ հանդուրժողականության համար տրվող Steiger Awards պարգևը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հանձնելը միանգամայն անտեղի է», - գրում է գերմանական Tageszeitung թերթը` անդրադառնալով գերմանաբնակ թուրք ակտիվիստի հայտարարությանը:
Ըստ թերթի` Թոփթակն Էրդողանի մասին ասել է նաև, թե «Նա թուրք Պուտինն է, այլ ոչ թե ժողովրդավար»:
Հոդվածագիրը հայտնում է նաև, որ նույն առիթով քննադատությամբ հանդես է եկել նաև Գերմանիայի Հայերի կենտրոնական խորհուրդը, ինչպես նաև ասորիների և քրդերի Խորհուրդները: Շաբաթ օրը Բոխումում` մրցանակի հանձնման վայրում, ցույցեր են անցկացվելու:
Այս առիթով իր բացասական կարծիքն է հայտնել Բունդեսթագի պատգամավոր Մեհմեթ Քըլըչը` ասելով. «Էրդողանը ոտքերով կոխկրտում է մամուլի ազատությունը և կրոնական փոքրամասնությունների հետ երկրորդ կարգի քաղաքացիների պես է վարվում»:
Քըլըչը նկատում է նաև, որ «Եվրոպա» անվանակարգում Էրդողանին առաջադրելը տարօրինակ է, քանի որ Թուրքիայի վարչապետը վաղուց երես է թեքել Եվրոպայից:
Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչ Hellen Medien Projekte GmbH մեդիաընկերության` Էրդողանը պարգևը կընդունի որպես թուրք-գերմանական բարեկամության խորհրդանիշ, որի հոբելյանը վերջերս նշվել է` երկու երկրների միջև ժամանակավոր վարձու աշխատուժի մասին պայմանագրի կնքման 50-րդ տարեդարձի առիթով:
Friday, March 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment