News.am. 16-3-2012- Իրավաբանական գիտությունների դոկտոր, «Արեւմտյան Փարիզ. Նանտեր լյա Դեֆանս» համալսարանի միջազգային իրավունքի կենտրոնի անդամ Յուբեր Լեզաֆրը Հայաստանին առաջարկում է դիմել Միջազգային կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի` այդ երկրում Հայոց ցեղասպանության պետական ժխտման հիմքով: Ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարկված հոդվածում նա վերլուծում է Սամանադրական խորհրդի` ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վերաբերյալ վերջին որոշումը եւ գալիս է այն եզրահանգման, որ օրինագծի մերժման հիմնական պատճառը Հայոց ցեղասպանության վերաբերյալ դատական որոշման բացակայությունն է` ի տարբերություն Հոլոքոստի:
Նրա կարծիքով, որպեսզի օրենքը չհակասի Սահմանադրությանը, Հայաստանը պետք է որեւէ միջազգային դատարանի որոշում ունենա ընդդեմ Թուրքիայի, որի դատավճռում պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Այդ դեպքում, նրա կարծիքով, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու համար ոչ մի խոչընդոտ չի լինի:
«Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, որի դահիճներն արդեն մահացած են եւ չեն կարող այլեւս քրեական հետապնդման օբյեկտ լինել, ապա դատական որոշման հնարավորությունը չի կարելի բացառել: Միջազգային մասշտաբում Հայաստանի, եւ ինչու ոչ` ցանկացած այլ երկրի դիմումը Միջազգային դատարան իդեալական կլիներ, քանի որ ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է: Այդուհանդերձ, դրա համար մի կարեւոր ընթացակարգային խոչընդոտ կա այն առումով, որ այդ դատարանի ընդդատությունը կախված է վեճի մասնակից-պետության, այսինքն նաեւ Թուրքիայի, համաձայնությունից:
Մնում է մեկ որոշում, որը զարմանալիորեն, կարծես չի դիտարկվել. Հայաստանի կողմից դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի պետական ժխտման հիմքով: Նման մոտեցումը կարող է հանգեցնել եթե ոչ Թուրքիայի դատապարտմանը, ապա, առնվազն, դատարանի կողմից Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ճանաչմանը»,-գրել է Լեզաֆրը:
Friday, March 16, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment