ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը ժամանակին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՆԱՏՕ-ի գործողությունների դաշնակցային հրամանատարության շտաբին կից, իսկ 2004 թ. նշանակվել ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ: Դավիթ Տոնոյանի հետ Lragir.am-ը զրուցեց Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների մասին:
-Դուք երկար տարիներ եղել եք ՆԱՏՕ-ում ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը: Ներկայում ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ ընդամենը տարբեր ծրագրեր է իրականացնում` չլինելով այդ ռազմաքաղաքական դաշինքի անդամ: Ձեր կարծիքով, Հայաստանի համար որքանով է նպատակահարմար ՆԱՏՕ-ին ՀՀ անդամակցումը:
-Նախքան բուն հարցին անդրադառնալը նախ նշեմ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ ոչ թե ընդամենը ծրագրեր է իրականացնում, ինչպես Դուք եք նշում, այլ մասնակցում է ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային անվտանգության աջակցության գործողություններին, երբեմն նույնիսկ ՆԱՏՕ-ի որոշ անդամ երկրներից ավելի մեծ զորախմբով, անցկացնում է համակարգված խորհրդատվություններ քաղաքական, անվտանգության, պաշտպանական ուղղություններով, կազմակերպում զորավարժություններ, իսկ օրերս պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ տեղի ունեցավ Հյուսիս-Ատլանտյան Խորհուրդ+Հայաստան ձեւաչափով հանդիպումը: ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակում, իսկ իրականացվող ծրագրերն ունեն համակարգային բնույթ եւ կապված են Հայաստանում պաշտպանական բարեփոխումների հետ: Առավել ընդհանրացված` կարող եմ փաստել, որ ՆԱՏՕ-ի հետ մասնակցում ենք համագործակցային անվտանգությանը:
Ինչ վերաբերում է հավաքական անվտանգությանը, ապա ներկայիս եւ կարծում եմ նաեւ կանխատեսվող երկարաժամկետ ապագայում անվտանգության միջավայրի ու սպառնալիքների գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ դա հնարավոր է իրականացնել ՀԱՊԿ-ին անդամակցելով, որի հիմքում ընկած է հայ-ռուսական ռազմավարական դաշինքը: Առկա են մի շարք հանգամանքներ, որոնց պարագայում այսօր առնվազն անիրատեսական է խոսել մեզ համար ՆԱՏՕ-ի շրջանակներում հավաքական անվտանգության մասին:
-ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն ունի Վրաստանը, ՆԱՏՕ-ի անդամ է նաեւ հարեւան Թուրքիան: Տվյալ պարագայում որքանով է նպատակահարմար Հայաստանի` ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ` ՀԱՊԿ անդամ լինելը:
-Իր միջոցների եւ հնարավորությունների առումով ՆԱՏՕ-ն համաշխարհային մակարդակով այսօր արդյունավետ անվտանգության կազմակերպություն է համարվում, սակայն ազգային շահերի տեսանկյունից այսօր Հայաստանը վարում է իրատեսական եւ բազմավեկտոր քաղաքականություն: Հաճախ անտեսվում է մի կարեւոր հանգամանք. Հայաստանի կամ այլ երկրների անդամակցությունը Դաշինքին պայմանավորված չէ միայն տվյալ երկրի ցանկությամբ, այլ առաջին հերթին հենց Դաշինքի անդամ բոլոր երկրների միաձայն համաձայնությամբ: Քանի որ նշեցիք Վրաստանը, ապա հենց Վրաստանի օրինակը ցույց է տալիս, որ միայն մեկ երկրի նույնիսկ մի քանի երկրների կամքը բավարար չէ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, առկա է Դաշինքի անդամ բոլոր երկրների ենթադրյալ քաղաքական նախապայմանները բավարարելու անհրաժեշտություն:
Իհարկե, եթե ապագայում Վրաստանն անդամակցի ՆԱՏՕ-ին, դա որոշակի նոր աշխարհաքաղաքական իրողություններ կբերի տարածաշրջան, եւ մենք որպես պետություն պարտավոր ենք հաշվի առնել այդ գործոնը:
Հանուն տարածաշրջանային անվտանգության պատկերի լիարժեքության, չմոռանանք, որ ունենք սահմանակից երկու այլ երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ չեն, իսկ դրանցից մեկի հետ ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ չունենք, այլեւ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ ենք լսում: Հարեւանությունը ՆԱՏՕ-ին պարտադիր չէ, որ ենթադրի անդամակցություն: ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձեւաչափերով այսօր համագործակցում են ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող 40-ից ավելի երկրներ, որոնցից 5-ը գտնվում են Արեւմտյան Եվրոպայում, իսկ եւս 7-ը ունեն ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ սահմաններ, սակայն ՆԱՏՕ-ի հետ “Համագործակցային անվտանգությունը” նրանց բավարարում է ազգային շահերի տեսանկյունից: Դրանցից են օրինակ Եվրոպայի կենտրոնում գտնվող բարեկեցիկ Շվեյցարիան եւ Ավստրիան:
-Հայաստանի համար ո՞րն է ՆԱՏՕ-ին անդամակցելու խոչընդոտը: Օրինակ` քաղաքական ուժերի ներկայացուցիչներից տեսակետ է հնչել, որ քանի դեռ ՆԱՏՕ անդամ Թուրքիան շրջափակման է ենթարկում ՀՀ-ն, մենք չպետք է գնանք այդ ուղղությամբ:
-Ինչպես ասացի, անդամակցության գործընթացում նախապայմաններ է թելադրում ոչ թե դիմորդը, այլ ընդունող կողմը: Քանի որ չկա անդամակցության ցանկություն եւ հետեւապես գործընթաց, կարծում եմ այս դեպքում ավելորդ է խոսել խոչընդոտների մասին:
Վերադառնալով Թուրքիային, պետք է նշեմ, որ այդ երկիրը լուրջ խոչընդոտներ այսօր չի հարուցում Հայաստան-ՆԱՏՕ գործնական համագործակցության համար, թեեւ վերջինիս հետ բարդ հարաբերությունները բնականաբար բացասաբար են ազդում Հայաստանում ՆԱՏՕ-ի հասարակական վարկանիշի վրա: Միաժամանակ, քանի որ անդամակցության հարց Հայաստանը չի բարձրացրել, հետեւաբար Թուրքիայի կողմից այդ գործընթացին խոչընդոտելու մասին նույնպես խոսք լինել չի կարող:
-Արդյո՞ք ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին խոչընդոտ չի ՌԴ-ն:
-Քանի որ չկա նման ճանապարհ, խոչընդոտների մասին քննարկումները թողնում եմ տեսաբաններին: Միաժամանակ տեսաբաններին խորհուրդ կտայի Հայաստանի անվտանգությունը դիտարկել ոչ թե ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ առճակատման, այլ այդ երկու կազմակերպությունների հետ մեր ընդհանուր շահերի եւ քաղաքական առաջնահերթությունների տեսանկյունից: Գործնական հարթությունում մենք դրանք տեսնում ենք:
-Ձեր կարծիքով, Հայաստանի համար ՀԱՊԿ-ն է արդյունավետ անվտանգության համակարգ, թե՞ ՆԱՏՕ-ն:
-Եթե ՀԱՊԿ-ում ենք, նշանակում է, որ ՀԱՊԿ-ը մեզ համար հանդիսանում է անվտանգության ապահովման արդյունավետ համակարգ: Ավելին` մենք ամեն ինչ անում ենք այն առավել դինամիկ դարձնելու համար: Այս տարի Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժություններ, եւ հնարավորություն կունենանք գործնականում փորձարկել անցած տարիների ընթացքում իրականացված աշխատանքների արդյունավետությունը:
-Ի դեպ, ՆԱՏՕ-ին անդամակցել-չանդամակցելու հարցը Հայաստանում ոչ պետական մակարդակով, ոչ էլ քաղաքական ուժերի օրակարգում, ոչ էլ հասարակական քննարկումների մակարդակում չկա: Ձեր կարծիքով` ինչո՞ւ է այդպես. չե՞նք կարեւորում, թե չենք գիտակցում դրա արժեքը:
-Այսօր Հայաստանի հիմնական քաղաքական եւ հասարակական ուժերի օրակարգում ՆԱՏՕ-ի անդամակցության հեռանկարի բացակայությունը խոսում է մեր քաղաքական դաշտի եւ հասարակության իրատեսության եւ քաղաքական իրողությունների ճիշտ ընկալման մասին: Նման, թեկուզ տեսական քննարկումների համար որեւէ նախադրյալ այսօր չկա:
ՆԱՏՕ-ի արժեքը գնահատում ենք, ավելին` տեսնում ենք այդ արժեքի գործնական կիրառումը Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման, ՀՀ ԶՈՒ զարգացման եւ փոխգործունակ կարողությունների ստեղծման համայնապատկերում, եւ համագործակցությունը Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ իրականացնում ենք իրատեսական, կանխատեսելի ու արդյունավետ կերպով:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ
«Լրագիր» 9-3-2012.
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment