«Լրագիր» 9-3-2012- Երբ արձանագրում ենք այն, ինչ եղավ Ֆրանսիայում, ապա հայերի ցեղասպանության ճանաչման հանդեպ ԱՄՆ դիրքորոշումը կարծես թե սկսում է ընկալվել շատ ավելի ազնիվ լույսի ներքո: Բանն այն է, որ ԱՄՆ-ում խոստանում եւ չեն կատարում ընդհանրապես, իսկ Ֆրանսիայում խոստումը իբր կատարում են, բայց վերջին պահին արգելակում:
Այդ ամենն իհարկե իրավիճակի դիտարկման այսպես ասած պարզունակ տարբերակի դեպքում: Բայց, երեւի թե ժամանակն է, որ հայերի ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի վերաբերյալ պատկերացումները դուրս գան “խոստացան՝ չարեցին” տարբերակներից:
Օրինակ, ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հերթական նամակն է հղել ԱՄՆ Պետքարտուղարին, եւ հերթական անգամ հաղորդագրություն տարածել, թե Քլինթոնն էլի խուսափել է ցեղասպանություն բառն ասելուց եւ իր ու Օբամայի նախընտրական խոստումը կատարելուց:
Այնպիսի տպավորություն է, կարծես հայությունը սկսել է հաճույք ստանալ այդ ամենից, եւ բավարարվածության զգացում են ապրում ամեն անգամ արձանագրելուց, թե տեսեք՝ խոստացան ու էլի չարեցին:
Հայկական հարցը վաղուց է դարձել միջազգային քաղաքականության մաս՝ երբ դեռ Հայաստանն անկախ պետություն էլ չէր, այլ ԽՍՀՄ մաս: Պարզ է, որ անկախ Հայաստանն ի զորու չէ ազդել գերտերությունների վրա, որ նրանք կամ ճանաչեն ցեղասպանությունը միանգամից, կամ էլ պարզապե դադարեցնեն դրանով Թուրքիայի գլխին խաղեր խաղալը:
Այդ բանն անելու կարողություն չունի նաեւ թերեւս հայկական սփյուռքը: Եթե ԱՄՆ-ին, կամ Ֆրանսիային, կամ որեւէ այլ ազդեցիկ տերության հարկավոր է հայկական հարցը խաղարկել Թուրքիայի դեմ, ապա հայկական սփյուռքն այստեղ թերեւս անկարող է արգելք հանդիսանալ: Այդ իմաստով, փոքր ինչ գերագնահատված է նաեւ հայկական հարցով զբաղվող կազմակերպությունների դերը. նրանք չէ, որ հայկական հարցը բերել են միջազգային օրակարգ եւ պահում են այդ օրակարգում, ժամանակ առ ժամանակ առաջ մղում հզոր երկրների խորհրդարաններում կամ գործադիր կառույցներում:
Իհարկե, ամենեւին նպատակ չկա նսեմացնել այդ կազմակերպությունների դերը, բայց, թերեւս նրանց համար էլ շատ ավելի լավ կլինի հասկանալ, որ “ջինը շշից” բաց է թողնված եւ այդ “ջինն” իրենց չէ, որ ծառայում է, եթե իհարկե իրենց հիմնական նպատակը ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելն է, ոչ թե սեփական գոյությունն ինչ որ կերպ իմաստավորելը:
Մյուս կողմից, այդ ամենն իհարկե չի նշանակում, թե պետք է որդեգրել Հայաստանում բավական տարածված, հատկապես այսպես ասած հիմնական ընդդիմության շրջանում գերիշխող կարծիքը, թե միջազգային ճանաչման գործընթացն ընդամենը խանգարում է հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, եւ ըստ այդ կարծիքի էլ կառուցել Հայաստանի դիրքորոշումը:
Կներառի Հայաստանի ցեղասպանության ճանաչման հարցը արտաքին քաղաքական օրակարգ, թե չի ներառի, միեւնույն է, այդ երկիրը պետք է հստակ գիտենա, որ հարցի “մամլիչից” ազատվելու միակ տարբերակը դա Հայաստանի հետ ուղղակի եւ առանց նախապայմանի հարաբերություն սկսելն է: Այսինքն, Հայաստանը պետք է ոչ թե փորձի անիմաստ քայլեր կատարել հայկական հարցի միջազգային շրջանառությունը դադարեցնելու համար, այլ պետք է Թուրքիային հստակ մեսիջ հղի, որ Թուրքիան այդ հարցում ունի “գլխացավից” ազատվելու մի տարբերակ, եւ դա Հայաստանի հետ առանց նախապայմանի հարաբերություն սկսելն է:
Այսինքն, Հայաստանը պետք է ստանձնի Թուրքիային այսպես ասած “անվտանգության երաշխիքներ” տվողի դերը, համենայն դես առաջարկի այդպիսի երաշխիքներ, իհարկե դրա փոխարեն Թուրքիայի դիմաց դնելով իր պայմանները՝ առանց նախապայմանի հարաբերության վերականգնում, ընդ որում բացարձակապես նոր բովանդակությամբ եւ օրակարգով, քան հայ-թուրքական արձանագրություններ կոչված թղթերի մեջ:
Եվ այստեղ արդեն էական չէ՝ կատարում են ԱՄՆ կամ Ֆրանսիան “խոստումը”, թե ոչ: Ավելին, գուցե տարօրինակ հնչի, բայց առայժմ երեւի թե նույնիսկ լավ է, որ չեն կատարում, եւ պրոցեսը տեւական շարունակության հեռանկարի մեջ է: Դրանով գոնե Հայաստանն ու սփյուռքը շարունակում են ունենալ հայեցակարգ մշակելու ժամանակ, որով Հայաստանը կարող է հայկական հարցի միջազգայնացվածությունը ավելի առարկայորեն ծառայեցնել իր քաղաքական շահի սպասարկմանը, այն վեր բարձրացնելով առավելապես քարոզչա-բարոյական խաղարկման մակարդակից, ինչը թյուրիմացաբար մատուցվում է իբրեւ համարժեք քաղաքականություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment