Friday, March 9, 2012

Նախիջևանյան հռչակագիրը փուչիկ է և հեռանկարային նպատակներ չունի. թուրքագետ

1in.am. 9-3-2012- Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների՝ մարտի 7-ին Նախիջևանում ընդունած հռչակագիրն իր ձևով ու բովանդակությամբ ավելի շատ փուչիկ է և հեռանկարային նպատակներ չունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը: «Անկախ ամեն ինչից՝ պետք է նշել, որ թուրք-իրանական հարաբերությունները մրցակցային են: Պարզապես, Իրանին հիմա շատ ձեռնտու է ցույց տալ, որ ինքն աշխարհից մեկուսացված չէ և համագործակցում է տարածաշրջանային երկրների հետ: Թուրքիային ևս շատ ձեռնտու է արևմտյան աշխարհին ցույց տալ, որ ինքն Իրանի հետ բավական լավ հարաբերություններ ունի և այդ երկրի հետ հնարավոր բանակցություններում կարող է հանդես գալ որպես միջնորդ: Իսկ Ադրբեջանին երկու երկրներն իրենց բանակցություններում ներառել են հենց այնպես՝ կողքից, քանի որ հանդիպումն ընթանում էր Նախիջևանում: Այսպիսով, Նախիջևանյան հանդիպումն ավելի շատ ուղղված էր արտաքին աշխարհին՝ ի նշան նրա, որ Իրանն ու Թուրքիան համագործակցում են»,- ամփոփեց թուրքագետը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները երեկ՝ մարտի 7-ին, Նախիջևանում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում հռչակագիր են ստորագրել: Դիվանագետները քննարկել են տարածաշրջանի խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: «Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում: Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով` միջազգային իրավունքներին համապատասխան»,- հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին: Անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանը, Իրանի ԱԳ նախարարը նշել է, որ կողմերը «չպետք է իրենց վերլուծությունները կառուցեն ԶԼՄ-ների հաղորդումների հիման վրա»: «Համոզված եղեք, որ մեր հարաբերություններն օրեցօր կամրանան»,- ասել է նախարարը:

No comments: