Tuesday, March 6, 2012

Հայաստանի բացառիկ դերն ու շանսը

Սերժ Սարգսյանն այցելելու է ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան: Հայտնվում է, որ այցի ժամանակ նա հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասնուսենի հետ եւ մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինք-Հայաստան նիստին: Հանդիպելու է նաեւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Եվրոպայի խորհրդի ղեկավար Հերման վան Ռոմպեի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, Եվրոպական հարեւանության հանձնաժողովի նախագահ Շտեֆան Ֆյուլեի հետ: Ինչպես տեսնում ենք, նախատեսված են բավական ներկայացուցչական հանդիպումներ: Վերջերս էլ Բրյուսել էին մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: Համատեղելով հայ եւ ռուսաստանցի փորձագետների կարծիքներն ու գնահատականները Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների հարցով, կարելի է նշել, որ ռուսները զգալիորեն ավելի լայն ու բովանդակալից են ընկալում այդ հարաբերությունները, եւ վստահ են, որ ՆԱՏՕ-ն չի կարող ժամանակավոր բնույթի անվերջ հարաբերություններ կառուցել Արեւելյան Եվրոպայի երկրների հետ: Այսպես թե այնպես, ՆԱՏՕ-ի ծրագրերի մեջ է տվյալ երկրների ինտեգրման այս կամ այն ձեւաչափը: Առաջատար երկրները, այդ թվում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիան, բազմաթիվ կասկածներ ունեն Արեւելյան Եվրոպայի պետություններին դաշինքի մեջ ներգրավելու հարցում: Այնուամենայնիվ, Դաշինքի ստրատեգները հասկանում են, որ Եվրասիայի վրա վերահսկողության եւ մի շարք ռազմավարական խնդիրների լուծումն ապահովելը հնարավոր է միայն Ուկրաինայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների առավել սերտ համագործակցության դեպքում: Ներկայում, այս տարածաշրջանների պետությունների հետ ՆԱՏՕ-ն գտնվում է առավել սերտ, պարտավորեցնող հարաբերությունների մեջ, քան Եվրոպային առավել մոտ տարածաշրջանների: ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմավարական ծրագրավորումը մեծ դժվարություններ ունի, որպես կառավարման եւ վերլուծական գործընթաց: ԱՄՆ եւ Ատլանտյան դաշինքը տարբեր տարածաշրջաններում բախվում են ոչ ստացիոնար իրավիճակների, տնտեսական ու քաղաքական բնույթի գլոբալ ճգնաժամերի հետ, եւ չկա վստահություն գործընկերների ու հակառակորդների հանդեպ, չկան անհրաժեշտ ռազմական, քաղաքական ու նյութական ռեսուրսներ այս կամ այն ծրագրերն իրականացնելու համար: Լուրջ խնդիրների առջեւ են կանգնել հետախուզական ծառայությունները, որոնք, երեւում է, արդեն ի վիճակի չեն ընդգրկել հարցերի ողջ համալիրը: ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն շատ վաղ են հայտարարել, որ սառը պատերազմի սպառնալիք արդեն չկա: Աշխարհում առաջանում են միջուկային նոր պետություններ, եւ միջուկային վտանգը դարձել է ավելի իրական, քան սառը պատերազմի ժամանակներում: Պետք է նշել, որ ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ի նրա ամենահավատարիմ դաշնակիցներին, չնայած 90-ականների ճգնաժամին, այնուամենայնիվ հաջողվեց հաղթահարել ճգնաժամային վիճակը Դաշինքում, եւ ՆԱՏՕ-ն կրկին գործունակ է թվում: Սակայն Դաշինքի ներսում հակասությունները պահպանվում են: Եվրոպացիներն այդպես էլ չկողմնորոշվելով եվրոպական զինված ուժերի ստեղծման հարցում, վերադառնում են ՆԱՏՕ-ից դուրս ջանքերի համախմբման փորձերին, քանի որ նույնիսկ ամենահուսալի դաշնակիցների նպատակներն ու շահերը բավական տարբեր են: Սակայն, Մեծ Մերձավոր Արեւելքում եւ Եվրասիայում մի շարք գործընթացներ հանգեցնում են Դաշինքի ընդհանուր շահերի շրջանակում «ատլանտիստների» ու «եվրոպիստների» համախմբման անհրաժեշտությանը: Դժվար թե դա թույլ տա հաղթահարել խնդիրներն ու հակասությունները, սակայն ՆԱՏՕ-ի ձեռքբերումները տարածաշրջանային քաղաքականության հարցում ակնհայտ են: Դաշինքի ուժերի դուրս բերումն Աֆղանստանից տարածաշրջաններում առաջ կբերի նոր խնդիրներ, եւ երեւում է արդեն մշակվել են ծրագրեր Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի համար: Տարբեր ծրագրավորումներից ու քննարկումներից հետո Արեւմտյան հանրությունը հասկացել է, որ անհնար է նվազագույնի հասցնել ռազմաքաղաքական ներկայությունը Սեւ ծովում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Հայաստանի հանդեպ ՆԱՏՕ-ի հետաքրքրությունը կարելի է դիտարկել երկակի: Կան ստանդարտ փաստաթղթեր եւ նյութեր, որոնց բովանդակությունը լավ հայտնի է: Կան նաեւ ոչ շատ եւ ճշգրտված վերլուծական նյութեր, որոնք այսպես թե այնպես վերաբերում են նաեւ Հայաստանին: Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը ավելի սերտ ռեժիմով համագործակցում են Վրաստանի ու Ադրբեջանի հետ: Իսկ որո՞նք են Հայաստանի գործառույթները: Հայաստանը սերտ գործընկերություն ունի Ռուսաստանի հետ, որը թույլ է տալիս պահել սեփական շահերը տարածաշրջանում: Հայաստանն ունի մարտունակ բանակ, որը նրան ապահովում է տարածաշրջանի հավասարակշռողի դերը: Հայաստանի աշխարհառազմավարական դիրքը պայմանավորել է Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ բաժանարար բաստիոնի դերը, ինչը դիտարկվում է որպես թուրքական էքսպանսիան զսպելու գործոն: Հայաստանը վստահելի հարաբերություններ ունի Իրանի հետ, որն Արեւմուտքի համար մեծ խնդիր է ներկայացնում: Հայաստանը կարող է հենվել սփյուռքի աջակցության վրա, ինչը նրա խաղը, ինչպես նաեւ Արեւմուտքի խաղը դարձնում է ավելի բազմազան: Եվրատլանտյան հանրության համար Հայաստանին աջակցելը նշանակում է տարածաշրջանում սեփական ազդեցության ուժեղացում, որին կապված են Մերձավոր Արեւելքի ու Եվրասիայի խոշոր տերությունները: Ներկայում ամերիկացիներին ու եվրոպացիներին անհրաժեշտ է Հայաստանի իշխող վերնախավի լեգիտիմությունը, եւ այդ խնդիրը, դժվարությամբ, սակայն երեւում է իրականացվելու է: Ռուսաստանն, ինչպես միշտ, շփոթված իր գործընկերների արտաքին քաղաքականությունից, փորձում է պարզել, թե արդյոք Հայաստանում կան այլ գործընկերներ, ովքեր ի վիճակի են պաշտպանել ռուսական դիրքերը որեւէ կրիտիկական քաղաքական իրավիճակում, երբ որոշակի որոշումներ ընդունելու անհրաժեշտություն առաջանա: Հայաստանում սկսում է երկարատեւ քաղաքական խաղ, որն ակնհայտորեն դուրս է գալիս երկրի սահմաններից, եւ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության դերն այդ խաղում կարող է վճռական դառնալ: Իրանցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ՆԱՏՕ-ին Հայաստանի ինտեգրման հեռանկարին, եւ ակնհայտորեն շահագրգռված են, որ իրենց գործընկերը որոշակի դիրքեր ունենա Դաշինքի հետ հարաբերություններում: Ռուսաստանն ինչ որ փուլում նույնպես ընդունել է այդ հեռանկարը, սակայն ներկայում սկսում են նոր գործընթացներ, եւ թե ինչպես է նա վերաբերում դրան՝ արդեն կարելի է վստահաբար ասել, որ ոչ այնքան դրական սպասումներով: Սակայն, ժամանակները փոխվում են շատ արագ, եւ հնարավոր է, Ռուսաստանը ստիպված է նորովի ընդունել իրականությունը: Խնդրի լուծումն այսպես ասած բազմավեկտոր քաղաքականության հաստատման մեջ նրանում է, որ Արեւմուտքը Հայաստանը դիտարկում է, ելնելով այն աշխարհքաղաքական շահերից, ինչ եւ Ռուսաստանը, այսինքն՝ որպես թուրքական էքսպանսիան զսպելու գործոն: Ներկայում արդեն հասկանալի է դառնում, որ Եվրամիությունից Թուրքիայի հեռանալը դառնալու է ՆԱՏՕ-ից այդ երկրի հեռացման սկիզբը: ՆԱՏՕ-ից Թուրքիայի հեռանալու առաջին փուլը դարձավ նրա «եվրոպական նախագծի» լիակատար տապալումը: ԱՄՆ-ն ի վիճակի չէ Թուրքիային երկար ժամանակ պահել ատլանտյան քաղաքականության ուղեծրում, առանց Եվրոպայի մասնակցության: Տվյալ պայմաններում, Հայաստանի նախագահը պետք է դադարեցնի ամերիկացիների ու եվրոպացիների հետ նրբանկատ զրույցները եւ պահանջի զենք, որպես Հայաստանի անվտանգության անհրաժեշտ ռեսուրս, որն ընդունում է շատ վտանգավոր եւ որոշակի խաղ, խաղ, որը սակայն չունի բանական այլընտրանք: Իգոր Մուրադյան

No comments: