Saturday, March 10, 2012

Այդ հետաքրքիր Բաղդասարովը

«Լրագիր» 9-3-2012- Օրերս, Հայաստանի Ազգային ավիափոխադրող Արմավիա ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր, որ եթե Զվարթնոց օդանավակայանը չնվազեցնի Արմավիայի սպասարկման գները, ապա ավիաընկերությունը ստիպված կլինի հայտարարել սնանկ լինելու մասին: Ի դեպ, դիտարկմանը, թե Զվարթնոցը հայտարարել է, որ վերջին երեք տարիներին սպասարկման սակագնի որեւէ փոփոխություն չի եղել, հետեւաբար զարմանալի է, որ Արմավիան այժմ է բարձրաձայնում այդ մասին եւ հարցը դնում “կամ գնի իջեցում կամ սնանկություն” կտրվածքով, Արմավիայի սեփականատերը պատասխանել է, թե այն ժամանակ Հայաստանի տնտեսությունը անկում չէր ապրում, իսկ հիմա անկում է ապրում, եւ իրենց համար այժմ դժվար է: Հետաքրքիր մարդ է Միխայիլ Բաղդասարովը: 2009 թվականին Հայաստանի տնտեսությունը 14 տոկոս անկում է ապրել, բայց Միխայիլ Բաղդասարովը այդ ժամանակ չէր բողոքում սակագնից, չէր բողոքում դժվար լինելուց, եւ նույնիսկ հայտարարում էր, որ չնայած ճգնաժամին, Արմավիան նոր ձեռքբերումներ է ունենում: 2010 թվականից, պաշտոնական տվյալով, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել, իսկ տնտեսության համար պատասխանատու նախարարներն էլ հայտարարում են, որ Հայաստանը հաղթահարել է ճգնաժամի փուլն ու մտել զարգացման փուլ: Եվ ահա զարգացման այդ փուլում, հանկարծ Միխայիլ Բաղդասարովը՝ Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը, հայտարարում է, որ տնտեսությունն անկում է ապրում եւ օդանավակայանը պետք է նվազեցնի սակագները, որպեսզի Արմավիան չսնանկանա: Սակագների հարցն իհարկե օդանավակայանի, Արմավիայի եւ պետական կարգավորողի խնդիրն է, բայց այստեղ հետաքրքրականը տնտեսությանը Բաղդասարովի տված բնորոշումն է: Փաստորեն, նա բացարձակապես համաձայն չէ կառավարության, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի պնդումներին, թե տնտեսությունը մտել է զարգացման փուլ, եւ համարում է, որ տնտեսությունն իրականում անկում է ապրում: Ըստ երեւույթին, իշխանությունը Բաղդասարովի հետ խոսելու բան ունի, կամ Բաղդասարովը իշխանության: Իսկ գուցե Բաղդասարովն ուզում է խոսել, բայց իշխանությունը նրա հետ խոսելու բան չունի, ու Արմավիայի սեփկանատիրոջը մնում է միայն հայտարարել տնտեսության անկման մասին եւ սպառնալ սնանկացումով: Չի բացառվում նաեւ, որ պարզապես ընտրվել է այդ տարբերակը, որպես Հայաստանում օդային ուղեւորափոխադրումների ոլորտում ազգային փոխադրողի փոփոխության, կամ թեկուզ Արմավիայի սեփականատիրոջ փոփոխության տարբերակ: Համենայն դեպս, եթե ավիաընկերությունը, որն ունի մենաշնորհային դիրք, որը մի շարք ուղղություններով չունի որեւէ մրցակից, երեք տարի լուռ աշխատել է առկա գներով, հետո նոր միայն հայտարարել, թե սնանկանում է, ուրեմն այստեղ կա արդյունավետ տնտեսվարման հետ կապված ակնհայտ խնդիր: Իսկ քանի որ խոսքը ոչ թե մասնավոր ինչ որ ընկերության, այլ ռազմավարական կարեւորություն ներկայացնող ոլորտում ազգային ուղեւորափոխադրողի մասին է, ապա կարծես թե աներկբա է, որ իրավիճակի համալիր թափանցիկ ուսումնասիրությունը այն նվազագույն քայլն է, որ իշխանությունը պետք է անի այդ ոլորտում: Ավելին, խնդրով թերեւս պետք է հետաքրքրված լինի ոչ միայն գործադիր իշխանությունը, այլ նաեւ խորհրդարանը, որին թերեւս արժե ժամանակավոր հանձնաժողով ստեղծել եւ արագ ու սեղմ ժամկետում պարզել, թե ինչ իրավիճակ է Հայաստանի օդային ուղեւորափոխադրումների ոլորտում, ինչու է ստացվել այնպես, որ Ազգային փոխադրողը “լռելյայն” հայտնվել է սնանկացման շեմին: Ու ընդհանրապես, ժամանակն է համալիր ուսումնասիրության ենթարկել ոլորտը, պարզելու համար, թե ինչպես ստացվեց, որ Բաղդասարովը դարձավ մենաշնորհային դիրքի տեր հայկական ավիացիայում, որքանով էր նպատակահարմար եւ ողջախոհ այդ որոշումը, ավիացիայի ոլորտում պետական այդ քաղաքականությունը, ինչ կոռուպցիոն ռիսկեր կային այդ գործողություններում: Ի դեպ, այդ հարցում իշխանությանը կարող է մեծ ծառայություն մատուցել “դատարկ դհոլի” կարգավիճակից “հայրենիքի զինվոր” դարձած Արտաշես Գեղամյանը, ով Հայաստանի ապագան Եվրասիական միության կազմում տեսնելուն զուգահեռ, կարող է մի փոքր հիշել իր անցյալը, երբ ինքն ու իր կուսակիցները խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում ամբիոնից մերկացնում էին քաղավիացիայի ոլորտում առկա կոռուպցիոն երեւույթները: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: