«Լրագիր« 12-3-2012- Հետաքրքիր է, ինչ է մտածում օլիգարխիան, երբ լսում է Սերժ Սարգսյանի ելույթները, երբ լսում է հավատալով փոխվելու մասին բանաձեւը: Ընդհանրապես, ինչպես է պատկերացնում օլիգարխիան այդ փոփոխությունը, ինչին է հավատում օլիգարխիան: Տրամաբանորեն, օլիգարխիան պետք է որ հավատա միայն փողի իշխանությանը՝ փող ունես՝ իշխանություն ունես, իշխանություն ունես՝ ուրեմն փող ունես:
Հիմա, Սերժ Սարգսյանը երբ խոսում է փոխվելու մասին, պետք է ենթադրել, որ խոսքը հենց այդ փոփոխության մասին է, երբ փողն ու իշխանությունը միմյանցից չեն բխում եւ չեն պարտավորեցնում միմյանց: Եթե երկրում չի փոխվում դա, ուրեմն մնացյալ բոլոր փոփոխություններն անիմաստ են եւ անօգուտ, դրանցից պետությունը չի շահի որեւէ բան:
Պատրաստ է արդյոք օլիգարխիան այդպիսի փոփոխության: Այսինքն, պատրաստ են օրինակ Ռուբեն Հայրապետյանը, Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, մյուս օլիգարխները կամ օլիգարխին “հավասար” անհատները փոխվել եւ կտրել փողի ու իշխանության կապը, պատրա՞ստ են արդյոք թողնել փողը կամ իշխանությունը:
Ինչ են մտածում նրանք, երբ լսում են հավատալու եւ փոխվելու մասին խոսքերը: Հավատու՞մ են դրանց անկեղծությանը, թե հավատում են, որ դրանք անկեղծ չեն եւ իրականում հարկ չի լինելու թողնել փողը կամ իշխանությունը:
Այդ մասին թերեւս հարկ է միայն գուշակել, որովհետեւ Սերժ Սարգսյանն այդ մասին հրապարակավ քննարկում չի ծավալում, այլ բավարարվում է միայն փոփոխության մասին ընդհանուր դատողություններով: Իսկ թե ինչ է խոսում Սերժ Սարգսյանն իր օլիգարխների հետ հետնաբեմում, պարզ չէ: Դրա մասին տարբեր “աղբյուրներ” տարբեր բաներ են հաղորդում, իսկ հանրությունն ընդամենը տեսնում է այն, որ Սերժ Սարգսյանին ՀՀԿ համագումար են ուղեկցում նույն օլիգարխները, նույն քրեաօլիգարխիկ միջավայրի դեմքերը: Սարգսյանը նրանց ուղեկցությամբ գալիս է համագումարի դահլիճ, որտեղ պետք է խոսի հավատալով փոխվելու մասին:
Նրան ծափահարում են այդ նույն դեմքերը, հայտարարում են, որ ճիշտ է ասում նախագահը, որ նախագահն ինչպես ասում է, այդպես էլ պետք է լինի, այդպես էլ կա:
Բայց, կյանքը շարունակվում է նույն դեմքերով եւ դեպքերով, ու այդ նույն դեմքերը պատրաստվում են առաջադրվել պատգամավորի թեկնածու, դառնալ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ: Այսինքն, նրանք թե փողից չեն հրաժարվում, թե իշխանությունից: Պատգամավոր են ուզում դառնալ այդ բոլոր օլիգարխները, որոնց սատարելու է ՀՀԿ-ն: Իսկ ուր մնաց փոխվելը:
Իսկ գուցե իշխանությու՞նը չի հրաժարվում նրանցից: Արդյոք օլիգարխիան է թելադրում Սերժ Սարգսյանին, թե Սերժ Սարգսյանն օլիգարխիային: Արդյոք օլիգարխների մեծամասնական առաջադրումը համամասնական ցուցակներից դուրս մնալու հարցում փոխզիջում է Սերժ Սարգսյանի հետ, պայման, որով նրանք համաձայնել են չպնդել ցուցակներում ներգրավվելու հարցում:
Արդյոք Սերժ Սարգսյանը հասարակությանն է կոչ անում հավատալ իրեն ու շատ ձայն տալ, որ ինքն էլ ստիպված չլինի ընտրություն կեղծելու համար դիմել օլիգարխիայի օգնությանն ու հետո նրանց վճարել այդ օգնության համար: Բայց, եթե Սարգսյանն այսօր անզոր է օլիգարխիայի դեմ, անզոր է ընտրությունից առաջ հանրությանը ներկայացնել օլիգարխիայի իշխանությունը զսպելու եւ սահմանադրական կարգ հաստատելու հարցում իր կամքի առարկայական օրինակներ, ինչ երաշխիք, որ նա կարողանալու է օլիգարխիայի ձեռքը բռնել ընտրության ժամանակ, երբ այդ ձեռքը կիսով չափ արդեն իրենն անում է մեծամասնական ընտրակարգով:
Իսկ ով է խորհրդարանում պայքարելու օլիգարխների դեմ՝ Շուշան Պետրոսյա՞նը, Դի Ջեյ Արուսիկ-Վակցինան, որոնց անունները կարող են հայտնվել ՀՀԿ համամասնական ցուցակում, թե լրագրողները, որ պատրաստվում են մտնել քաղաքականություն:
Չէ որ ամենուր տարածված, ճյուղավորված օլիգարխիայի համար այս կյանքում գաղտնիք չի մնացել, լինի շոու, թե լրագրային «բիզնեսներում»:
Մինչդեռ օլիգարխիային սանձելու համար, երկրում «գաղտնիք» է պետք, մի «գաղտնի» ոլորտ, որին օլիգարխիան ծանոթ չէ, որտեղ օլիգարխիան կորում է, կորցնում է իրեն, զրկվում է փաստարկներից, զրկվում է ավանդական գործիքներից եւ մեթոդներից:
Այդ ոլորտը քաղաքացիականությունն է, բառի ոչ միայն արտաքին, այլ բուն՝ էական իմաստով: Բայց Սերժ Սարգսյանը քաղաքացիականության առաջարկ չի անում: Փոխվելու մասին նրա ելույթում որեւէ բառ չկա քաղաքացիականության մասին, որեւէ բառ չկա այն մասին, որ քաղաքացին է երկրի տերը, քաղաքացին է պետությունը, ոչ թե ՀՀԿ-ն: Վերափոխումների անհրաժեշտության մասին ծավալուն իր ելույթում նա որեւէ անդրադարձ չարեց Հայաստանում քաղաքացիական իրավագիտակցության ամրապնդմանը, երկրում արթնացող քաղաքացիականությանը, իր եւ իր նմանի իրավունքի համար պայքարող քաղաքացու ինստիտուտին, որը ձեւավորվում է Հայաստանի խնդրահարույց հատվածներում եւ ձեւավորում նոր Հայաստանի ամբողջական նկարագրի սաղմը:
Դա կարեւորագույն գործընթացներից մեկն է, որ ներկայում տեղի է ունենում Հայաստանում, բայց որը չի արձանագրվում փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանի ելույթում:
Մինչդեռ հենց այդ սաղմի կայացումն ու զարգացումն է, որ պետք է Հայաստանում փոփոխություն երաշխավորի, ոչ թե Հանրապետական կուսակցությունը կամ որեւէ այլ կուսակցություն եւ միավորում:
Լուսանկարը yeshit.do.am կայքից
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment