News.am. 9-3-2012-Թուրքիայում հասունացել է որոշակի բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը, որը, մասնավորապես շոշափում է կրոնական փոքրամասնությունների շահերը, եւ համապատասխան գործընթացը արդեն նախաձեռնվել է երկրի իշխանությունների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը: Նրա խոսքով` այժմ փորձ է արվում գտնել կրոնական փոքրամասնությունների պատմական շահերի եւ ներկա իրողությունների միջեւ եղած ոսկե միջինը:
Թուրքիայում առավել խոշոր կրոնական փոքրամասնությունը հայերն են, հույներն ու հրեաները: Նրանք բոլորը հիմնականում կենտրոնացած են Ստամբուլում: Հրեաների համեմատաբար մեծ քանակություն կա նաեւ Իզմիրում, Թուրքիայի հարավ-արեւելքում իրենց մասին հիշեցնում են ասորիները: Քանի որ բոլոր այս համայնքներն աստիճանաբար սկսում են բարձրացնել իրենց շահերի հարցը, Թուրքիայի իշխանությունները փորձում են այս կամ այն չափով բավարարել նրանց պահանջները, ընդ որում` հակասության մեջ չմտնելով այսօրվա իրավիճակի հետ», - ասաց նա:
Այս համատեքստում, Գոչունյանի խոսքով, Թուրքիայի կողմից քրիստոնեական մասունքների վերադարձը, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատություն պահանջող ամերիկացի սենատորների բանաձեւի նախագիծը Թուրքիայում գործընթացի վրա ազդեցություն չի թողնի: «Իհարկե, մենք ընդունում ենք ԱՄՆ-ի որոշիչ դերը աշխարհում ժողովրդավարական արժեքների հաստատման եւ տարածման գործում, սակայն պետք է հասկանալ, որ դրա թիկունքում Վաշինգթոնի քաղաքական շահերն են», - նշել է զրուցակիցը` հավելելով, որ առանց ԱՄՆ-ի միջամտության էլ գործընթացն սկսվել է:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Սենատորներ Սքոթ Բրաունը, Դայան Հայնշթեյնը եւ Մարկ Քիրքը պահանջել են, որպեսզի Թուրքիան վերադարձնի հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների համար դավանանքի ազատություն ապահովի:
Սենատորները բանաձեւի նախագիծ են ներկայացրել, որով պետքարտուղար Հիլարի Քլինթոնին կոչ են արել Թուրքիայի վրա ճնշում գործադրել:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment