«Լրագիր» 13-3-2012-Հայաստանում իրական ժողովրդավարության, իրավունքի եւ քաղաքացիականության ապագայով մտահոգ հանրույթին իսկապես վրդովեցրել էր ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսի ուղերձը ՀՀԿ համագումարին, որտեղ նա բաց տեքստով, ուղղակիորեն համոզմունք է հայտնում, որ ՀՀԿ-ն մի քանի ամիս անց կհաղթի խորհրդարանի ընտրությանը:
Մարթենսի ուղերձը մեղմ ասած ոչ կոռեկտ ուղերձ է՝ ոչ կոռեկտ Հայաստանի ընտրողի հանդեպ, որն ինքը պետք է նախընտրական արշավի ընթացքում լսի կուսակցություններին եւ որոշի, թե ում է ընտրելու: ԵԺԿ նախագահը եթե այդօրինակ հայտարարություններ աներ իր Եվրոպայում, ապա հավանաբար հանրային կարծիքը նրան անմիջապես կպարտադրեր հրաժարական տալ Եվրոպայի ամենաազդեցիկ եւ ընդգրկուն քաղաքական կառույցներից մեկի ղեկավարի պաշտոնից:
Բայց, Մարթենսը գիտե, որ Հայաստանի պարագայում այդօրինակ արտահայտություններ անելու դեպքում իրեն ոչինչ չի սպառնում: Ըստ երեւույթին, նրան չի էլ հետաքրքրել, թե իր ուղերձն ինչ արձագանք կարող է ունենալ Հայաստանում:
Մյուս կողմից, ԵԺԿ նախագահի ելույթը թեեւ ունի աննախադեպ շեշտադրում՝ խորհրդարանի դեռ չկայացած ընտրության արդյունքի մասին այդքան թափանցիկ գնահատականների առումով, բայց ընդհանուր առմամբ տեղավորվում է Հայաստանի զարգացումների հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքի տրամաբանության շրջանակում:
Բանն այն է, որ Արեւմուտքը Հայաստանի հանդեպ թերես երբեք չի դրսեւորելու արմատական կոշտություն, այլ մշտապես փորձելու է աշխատել Հայաստանի իշխանության հետ, փորձելու է քայլ առ քայլ, երբեմն նախատելով, երբեմն զգուշացնելով, երբեմն համոզելով եւ շոյելով, իշխանությանը մղել քայլերի, որոնք կարող են համակարգային նոր իրավիճակների նախադրյալ ստեղծել:
Արեւմուտքը թերեւս շատ լավ է հասկանում, որ արմատական կոշտության դեպքում Հայաստանի իշանությանը ավելի են կախվածության մեջ դնելու Ռուսաստանից, ավելի են մեծացնելու Ռուսաստանի ազդեցությունը, կամ առնվազն առաջ են բերելու նաեւ Ռուսաստանի պատասխան արմատական կոշտությունը, ինչը Հայաստանը կարող է ընդամենը վերածել քաոսի: Իսկ դա Արեւմուտքին հաստատ պետք չէ, քանի որ Հայաստանի քաոսը կարող է սպառնալ ընդհանրապես տարածաշրջանի կայունությանն ու առաջ բերել լրջագույն հավելյալ խնդիրներ, առանց այդ էլ խնդրառատ միջազգային օրակարգում:
Այդ իսկ պատճառով էլ ավելորդ պատրանքներ չունենալով, Արեւմուտքը գերադասում է Հայաստանի իշխանության հետ քայլ առ քայլ աշխատանքը: Բնական է, որ դա չի գոհացնում Հայաստանի հասարակությանը, որովհետեւ Հայաստանի հասարակության պահանջներն այլ են, Հայաստանի հասարակությունը ներսից շատ ավելի լավ է տեսնում իրավիճակն ու զգում, որ դրա համար անհրաժեշտ են արագ, անհապաղ վերափոխումներ:
Բայց, այդտեղ է, որ Արեւմուտքը անելիք չունի՝ անելիքը Հայաստանի հասարակությանն է, որովհետեւ այդ արագ վերափոխումների հարցում Արեւմուտքի առավել ակտիվ միջամտությունը կարող է պարզապես հակառակ էֆեկտն ունենալ, եւ վերափոխումների դանդաղ ընթացքը կարող է ոչ թե արագանալ, այլ արգելակվել:
Այդ ընթացքի արագացումը բացառապես Հայաստանի քաղաքացիական հանրույթի խնդիրն է, եւ այդ խնդիրը քաղաքացիական հանրույթը կամ կլուծի, կամ պարզապես կզբաղվի Արեւմուտքին անբավարար աջակցության համար, կամ Հայաստանի իշխանությանը ոչ օբյեկտիվ աջակցության համար մեղադրելով: Մինչդեռ, Արեւմուտքը թերեւս ինքն էլ լավ է հասկանում, որ Հայաստանի համար առկա հիմնարար խնդիրների դիտանկյունից, իշխանության հանդեպ իր վերաբերմունքն իսկապես ոչ օբյեկտիվ է: Բայց, մեծ հաշով Հայաստանի քաղաքացիական հանրույթն էլ թերեւս պետք է գիտակցի, որ Արեւմուտքը, ինչպես եւ ցանկացած արտաքին գործընկեր, Հայաստանի հանդեպ իր հարաբերությունը որեւէ սուբյեկտի հետ կառուցելիս, կառուցում է նախ եւ առաջ հենց իր շահի վրա, ոչ թե Հայաստանի առաջ կանգնած անհրաժեշտությունների:
Իսկ Արեւմուտքի շահը տվյալ դեպքում այն է, որ Հայաստանի իշխանությունը քայլ առ քայլ, թեկուզ նույնիսկ աննկատ, բայց դուրս գա ռուսական կախվածության եւ ազդեցության տիրույթից, կամ առնվազն չխորացնի այդ ազդեցությունն ու այն դիվերսիֆիկացնի արեւմտյան ուղղությամբ երաշխիքային մեխանիզմներով, ինչի շնորհիվ Հայաստանը կարող է Արեւմուտքի հետ հարաբերության հարցում լինել առավել զգալի ինքնուրույնություն ունեցող սուբյեկտ: Պարզ է, որ այդ հարցում էլ Արեւմուտքն առաջնորդվում է իր ծրագրերով, իր ռազմավարական եւ մարտավարական հաշվակներով, որոնք հեռահար ժամանակահատվածում գուցե ոչ թե զուգորդում, այլ հատվում են Հայաստանի պետական շահին:
Բայց, առայժմ, եւ թերեւս առաջիկա մի քանի տարիներին, այդ շահերը ոչ թե հատվում են, այլ զուգորդվում միմյանց հետ, եւ Հայաստանն ու Հայաստանի քաղաքացիական հանրույթը պարտավոր են պետական եւ քաղաքացիական հարթության վրա առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր պետական շահի հետ արեւմտյան շահի այդ զուգորդումը, երկիրը միակողմանի ռուսական ազդեցությունից դուրս բերելու եւ ինքնուրույն քաղաքական սուբյեկտության հիմքեր ապահովելու համար:
Խնդիրը տվյալ դեպքում թերեւս այն է, թե Հայաստանի իշխանության հետ աշխատելուց բացի, Արեւմուտքը ինչպես է աշխատում Հայաստանի ժողովրդի հետ: Այդ տեսանկյունից, երկրում իրականացվել եւ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր՝ գյուղատնտեսական ոլորտից մինչեւ քաղաքացիական հասարակություն: Բայց, ներկայում այդ ծրագրերի մի զգալի մասը հայտնվել է լճացման փուլում եւ իրականում երկրում ձեւավորել է այսպես ասած ոչ կառավարական սեկտորի բյուրոկրատական մի համակարգ, իր կոռուպցիոն էական ռիսկերով, որը ինչ որ տեղ դարձել է նույնիսկ պետական կառավարման համակարգի շարունակությունն ու կամա թե ակամա աջակիցը, էապես կորցնելով իր օգտակար գործողության գործակիցը ոչ կառավարական սեկտորի զարգացման տեսանկյունից:
Այսինքն, կարծես թե կա նոմինալ զարգացում, բայց բովանդակային եւ որակական առումով թերեւս կան խնդիրներ, ու այդ տեսանկյունից իհարկե Արեւմուտքի համար կարծես թե կա Հայաստանի հասարակության հետ աշխատանքի մեխանիզմների, մեթոդաբանության եւ բովանդակության վերանայման անհրաժեշտություն: Ի վերջո, դրանից է կախված նաեւ Հայաստանի իշխանության հետ աշխատանքի արդյունավետությունը, որովհետեւ իշխանության հետ բարեփոխումների քաղաքականության շուրջ գործակցությունը կարող է արդյունք ունենալ միայն զուգահեռաբար հանրային վերահսկողության արդյունավետ համակարգ ձեւավորելու պարագայում:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment