Wednesday, March 7, 2012

«Le Monde». Սահմանադրական խորհրդը որոշել է օրինականացնել ժխտողականությունը

News.am. 7-3-2012- NEWS.am-ը որոշ կրճատումներով ներկայացնում է հայտնի արձակագիր, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դասախոս Լուիզա Լամբրիշի հոդվածը, որը հրապարակվել է ֆրանսիական «Le Monde» պարբերականում. «Սահմանադրական խորհրդի` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու օրինագիծը մերժելու վերջին որոշումը պատմական իրադարձություն է, որը յուրաքանչյուր սուբյեկտի դեմ հանդիման է կանգնեցնու իր գիտակցության կամ նույնիսկ անգիտակցականության հետ: Ինչ վերաբերում է ինձ, ապա այդ որոշումն ինձ լուրջ է թվում այն իմաստով, որ հանուն «կարծիքի ազատ արտահայտման», իրավաբանորեն հավանություն է տրվում ժխտման բոլոր ձեւերին: Իսկապես, եթե Սահմանադրական խորհուրդը տրամաբանորեն է գործում, ապա այդ որոշումը պետք է ստիպեր մերժել նաեւ Գեյսոյի օրենքը: Քանի որ խորհուրդը չի կարող միաժամանակ հրաժարվել այդ օրինագծից եւ աջակցել ժխտումը դատապարտող մեկ այլ օրենքի` չցուցաբերելով անհետեւողականություն ու անգամ հակասություն: Սահմանադրական խորհրդի որոշումը, իմ կարծիքով, հաստատում է ժխտողական պատմաբաններ Ռոբեր Ֆորիսոնի եւ Նոամ Հոմսկու հաղթանակը` «Հանուն խոսքի ազատության»: Որքանով ինձ հայտնի է, պատմաբաններն ազատորեն չեն կարող ժխտել համառ փաստերը: Ընդհակառակը, պատմաբանները կոչված են դրանք քննել հնարավորինս ճշգրիտ` վերականգնելով դրանց տրամաբանությունը: Եթե եվրոպացի հրեաների ոչնչացումը ինչ-որ բան փոխեց արեւմտյան պատմության մեջ, ապա հենց այդ հարցի առնչությամբ պետք է կարողանալ կշռադատել, թե ինչ է նշանակում հանել սպանելու արգելքը` ազատություն տալով ապակառուցողական ազդակներին: Պետք է ենթադրել, որ Սահմանադրական խորհրդի անդամները, որոնք պետք է ապահովեն մեր ունիվերսալ արժեքների պահպանումը, հոգեբանական առումով այս հարցը հաշվի չեն առել: Ամենայն հավանականությամբ, նրանք չեն հաշվարկել իրենց որոշման հնարավոր հետեւանքները, որը թույլ է տալու երիտասարդ սերնդին, գայթակղվելով գազային խցերի գոյության ժխտմամբ, հետագայում բարձրաձայն հայտարարել, իսկ ոմանք արդեն դա անում են, թե ամեն ինչ հնարել են հրեաները եւ որ դա, ի վերջո, «առասպել է»: Ինձ համար ակնհայտ է, որ եթե Գերմանիան համարձակվեր նման որոշում ընդունել, շատ ֆրանսիացիներ, ովքեր պատրաստ են դասեր տալու, կվրդովեին: Քանի որ Գեյսոյի օրենքը դեռեւս չեղյալ չի համարվել, հուսով եմ, այդ վրդովմունքը կբարձրացեն ֆրանսիացիները, ովքեր չեն ցանականում ապրել ժխտողական Ֆրանսիայում, որի Սահմանադրական խորհուրդը թույլ է տվել ցեղասպանությունները դիտարկել որպես պատմության մանրուք: Ընտրությունը, բնականաբար, դժվար է: Մերժելով այս օրինագիծը եւ պահպանելով Գեյսոյի օրենքը` նշանակում է հասկացնել, որ հրեաների նկատմամբ հատուկ վերբերմունք է դրսեւորվում, եւ դա կարող է միայն սրել հակասեմիտիզմը»:

No comments: