Saturday, April 14, 2012

Թուրքիան արդեն 25 տարի Եվրամիություն մտնելու ճանապարհին է

Tert.am. 14-4-2012- Այսօր լրացավ Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելուն ուղղված քայլեր ձեռնարկելու 25-ամյակը: Գերմանական «Դոյչե Վելլեն» այս հարցի կապակցությամբ ծավալուն հոդված է տպագրել: «Մինչ այժմ պարզ չէ` Անկարային երբևէ կընդունեն ԵՄ, թե ոչ: Պատճառները շատ են, սակայն բոլորն էլ քաղաքական են»,- գրում է պարբերականը: Եվրոպացիների մեծամասնությունը դեմ է Թուրքիայի անդամակցությանը։ Համաձայն 2011 թ.-ի հարցումների տվյալների՝ թուրքերի 38%-ը նույնպես դեմ է ԵՄ ինտեգրվելուն: Եվրաինտեգրման գործընթացը Թուրքիայում սկսվել է դեռևս 1959 թ.-ից: Նոր փուլի մեկնարկը տրվել է 1990-ական թվականներին և միայն 1999թ.-ի վերջին է Բրյուսելը Թուրքիային տվել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ` ներկայացնելով մի շարք բարեփոխումների պահանջներ` այդ թվում քաղաքացիների իրավունքների պաշտպանությանն ուղղված: Մինչ Եվրամիությունն ակտիվորեն ընդլայնվում էր, Թուրքիայի հետ երկխոսությունը շատ դանդաղ էր առաջ գնում, գրում է պարբերականը, հիշեցնելով, որ միայն 2005 թ.-ին այս հարցով պաշտոնապես բանակցություններ սկսվեցին Անկարայի և ԵՄ-ի միջև: Այսօր արդեն, մի շարք պատճառաբանություններով, գոնե մասամբ այդ հարցը անժամկետ հետաձգվել է: Փաստացի պատճառն այն է, որ ԵՄ-ն Թուրքիայից պահանջում է բացել ծովային և օդային սահմանները Կիպրոսի հանրապետության հետ, սակայն իրական պատճառները միայն Կիպրոսի խնդրով չեն սահմանափակվում: Թուրքիայի օրենսդրությունը մինչ այժմ չի հարմարեցվել Եվրոպական չափանիշներին: Բրյուսելի տեսանկյունից Անկարան բավարար ուշադրություն չի դարձնում կանանց իրավունքներին, ինչպես նաև ազգային ու կրոնական փոքրամասնությունների խնդիրներին: Եվրամիությունն ինքն էլ այժմ շատ խնդիրներ ունի` կապված տնտեսական ճգնաժամի հետ և պատրաստ չէ ստանձնել նաև Թուրքիայի տնտեսական ռիսկերը: Այսինքն, ինչպես կասեր Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելլեն` Թուրքիան պատրաստ չէ ԵՄ-ին անդամագրվելուն: Այսպիսով Թուրքիայի անդամակցությունը դուրս է մղվել Բրյուսելի օրակարգից: Ի վերջո` կա նաև ավելի արդիական հարց` կարելի՞ է արդյոք կապել Արևմուտքը Արևելքին և արդյոք մուսուլման Թուրքիան տեղ ունի քրիստոնեական Եվրամիության մեջ: Թուրքիան դեռ հետաքրքրված է ԵՄ անդամակցությամբ, սակայն էապես թուլացել է, քանի որ Կիպրոսի հարցով բանակցությունները փակուղում են հայտնվել: Սակայն տնտեսական զարգացման տեմպերը վերջին տարիներին աճել են` հակառակ համաշխարհային տնտեսական ճգնաժամին: «Այսօր մենք ունենք ամենաարագ զարգացող տնտեսությունը Եվրոպայում»,- նկատել է ԵՄ հարցերով Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բաղըշը: Բահչեշեհիրի համալսարանի դասախոս Ջենգիզ Աքթարի խոսքերով` անգամ Թուրքիայի եվրոինտերգրման կողմնակիցները Թուրքիայի հանդեպ երկակի ստանդարտներ են կիրառում: «Բանակցությունների հենց ամենասկզբից Թուրքիային այնպես չեն վերաբերվել, ինչպես այլ թեկնածուներին: Ցավոք, երկակի ստանդարտները բնորոշ են այս գործընթացին»,- «Դոյչե Վելլեյի» թղթակցի հետ զրույցում ասել է նա: Փորձագետի խոսքով`Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԵՄ-ի կողմից ներկայացրած բարեփոխումների պահանջներից իրականացնում է միայն այն, ինչ ձեռնտու է Անկարայի քաղաքական էլիտային: «Եվրոպան կորցրել է ազդեցությունը Թուրքիայի վրա: Դրա համար էլ քաղաքական բարեփոխումների դինամիկան դանդաղել է»,-ասել է Աքթարը: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ Եվրոպայի առաջնորդները դեմ են ԵՄ-ին Թուրքիայի անդամկցությանը: «Անդամակցության շուրջ քննարկումները կարելի է շարունակել 10 տարի անց»,- ասել է Գերմանիայի արտգործնախարարը:

No comments: