Saturday, April 14, 2012

Մարաղայի դասերը. Ամփոփիչ թեզեր

Ելնելով առկա իրողություններից և արձանագրելով, որ - Մարաղան հանցագործություն է մարդկության դեմ, որը չունի վաղեմության ժամկետ: - Մարաղան ակնհայտ ցեղասպանություն է, օղակը մի շղթայի, որտեղ առկա է Թուրքիայի ձեռագիրը, և այն ուղղված է խաղաղ բնակչության ոչնչացմանն ու տարածքի անեքսիային: - Այն իրականացվել է առանձնակի դաժանությամբ` էթնիկ զտումների, բնակչության ահաբեկման նպատակով: - «Մարաղայի» հետևանքը դարձավ պարտադրված պատերազմը, տարածաշրջանի անկայունությունը և ժողովուրդների ողբերգությունը: - Միջազգային կառույցների ու գերտերությունների ոչ համարժեք արձագանքը Ադրբեջանի հանցագործ ռեժիմի ցեղասպան գործողությունների նկատմամբ և 1992 թ. մարտին վերջինիս ինքնիշխանության ճանաչումը հանգեցրին նորանոր հալածանքների, լայնամասշտաբ պատերազմի և հազարավոր զոհերի: Բաքվի ռեժիմը տարածեց հետապնդումներն ու հալածանքները ազգային, կրոնական և քաղաքական խմբերի և կառույցների վրա, ինչի արդյունքը դարձավ տարածաշրջանից փախստականների թվի կտրուկ աճը: - Ատելություն սփռող ծավալուն քարոզը և չդադարող ռազմական սադրանքները շփման գծում բացառում են փախստականների վերադարձը իրենց բնակության վայրերը: Գտնում ենք, որ - Ժամանակն է, որ հայկական քաղաքական և իշխանական շրջանակները արմատապես վերանայեն տարածաշրջանային կոնֆլիկտի կարգավորման սկզբունքների գոյություն ունեցող կարծրատիպերը, մասնավորապես հրաժարվեն որևէ տարածք վերադարձնել Բաքվի ռեժիմի վերահսկողության տակ: Եվ քանի որ փախստականնները չեն կարող վերադառնալ Բաքու, նրանք կարող են վերադառնալ միայն Բագարան` նոր քաղաք, որտեղ կվերահաստատեն իրենց հազարամյակներով բյուրեղացված կյանքի նորմերն ու մշակույթը: Սա է Մարաղայի հիմնական դասը. դահիճին անհրաժեշտ պատասխանը` Մարաղայի փոխարեն միայն Նոր Մարաղա: - Միջազգային հանրությունը պետք է մատնանշի համապատասխան ատյաններին, որ համարժեք գնահատականների և քայլերի բացակայությունը Բաքվի ռեժիմի կատարած հանցագործությունների հանդեպ նրանց մասնակից է դարձնում դրան: Հայկական համապատասխան շրջանակները այլևս պետք է հրաժարվեն ատելություն սփռող որևէ անձանց և կառույցների հետ շփումից: Առաջնահերթ է, որ - Փախստականների անվտանգությունը բնակության նոր վայրերում ապահովեն ինչպես տարածքներում արդեն գոյություն ունեցող, այնպես էլ փախստականների կողմից ձևավորվող անվտանգության կառույցները: - Անվտանգության համակարգերը թե տեխնիկական հագեցվածությամբ, և թե գործունեության տեսակետից, պետք է էապես գերազանցեն հնարավոր ագրեսորի ներուժը, իսկ միջազգային կառույցներից պետք է համագործակցել միայն նրանց հետ, ովքեր պատրաստ են իրականում նպաստել տարածաշրջանի անվտանգության պահպանմանը, և մերժել բոլոր նրանց, ովքեր մինչ այսօր խուսափել են իրենց վրա դրած պարտավորություններից: Եվ կոչ ենք անում տարածաշրջանի ժողովուրդներին փոխհամագործակցության, խաղաղ, ներդաշնակ ու բնականոն զարգացման համար անհրաժեշտ քննարկումների և համատեղ քայլերի: Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար

No comments: