Thursday, April 12, 2012

Կոնգրեսի միակ ու վերջին շանսը

«Լրագիր» 12,4,2012,- Հայաստանի նախընտրական շրջանի առանցքային գծերից մեկը Հայ ազգային կոնգրեսի եւ Բարգավաճ Հայաստան իշխանական կուսակցության նուրբ գործակցությունն է: Առայժմ այն հրապարակայնորեն արտահայտվում է ընտրության վերահսկման միասնական շտաբի շրջանակով, ինչպես նաեւ ԲՀԿ-ին քննադատության թիրախի կարգավիճակից դուրս բերելով՝ Կոնգրեսը միակ թիրախ է հռչակել ՀՀԿ-ին, իսկ Կոնգրեսի համակիրներից շատերն էլ սկսել են իրենց հրապարակային ելույթներում գտնել ԲՀԿ-ին իշխող համակարգից տարանջատելու եզրեր: Թե Կոնգրեսի, թե ԲՀԿ հաշվարկները կարծես թե պարզ են: Կոնգրեսը վերջին շրջանում բավական կորցրել է իր հանրային վարկանիշը, ինչ որ առումով հայտնվել նաեւ փակուղում՝ հատկապես ՀՀԿ-ի հետ երկխոսության անհաջող փորձից հետո: Այդ պայմաններում, Բարգավաճ Հայաստանի հետ քաղաքական խաղը Կոնգրեսի համար թերեւս այն եզակի շանսն է, որ հնարավորություն է տալիս լինել առկա քաղաքական գործընթացի առանցքային գործոններից մեկը եւ ունենալ արդիական դերակատարում: Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը թերեւս միամիտ չէ, եւ նրա քաղաքական փորձառությունն ու մտավոր կարողությունների մակարդակը թույլ տալիս են պատկերացնել կամ հասկանալ, որ Բարգավաճ Հայաստանը Կոնգրեսի իշխանափոխության բանալին կամ կոդը չէ: Տեր-Պետրոսյանը թերեւս լավ գիտակցում է, որ Բարգավաճ Հայաստանը չի լքի իշխանական պայմանավորվածությունների համակարգը, որքան էլ որ Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե պատրաստ է կորցնել ամեն ինչ: Գագիկ Ծառուկյանը գուցե պատրաստ չէ, բայց Տեր-Պետրոսյանն անշուշտ լավ գիտե, որ ոչ մի բան կորցնելու եւ առավել եւս ամեն ինչ կորցնելու պատրաստ չէ Ռոբերտ Քոչարյանը: Եվ ինչքան էլ Տեր-Պետրոսյանը հայտարարի, թե ԲՀԿ հետեւում Քոչարյանի ականջներ չկան, ամենից լավ թերեւս հենց ինքը գիտե, որ եթե ԲՀԿ հետեում Քոչարյանի ականաջները չեն, ապա այդ ականջները Սերժ Սարգսյանինն են: Այդ ամենով հանդերձ, ԲՀԿ-ն պետք է Տեր-Պետրոսյանին, նախընտրական գործընթացում հրատապ քաղաքական գործընթացի առանցքային սուբյեկտի կարգավիճակ պահպանելու, իսկ հետընտրական գործընթացում արդեն ընտրության տապալման պատասխանատվությունը Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ վրա թողնելու համար՝ երբ Բարգավաճ Հայաստանն ընտրությունից հետո դուրս կգա Կոնգրեսի հետ պայմանավորվածությունների դաշտից եւ կսկսի պայմանավորվել ՀՀԿ հետ: Ընդ որում, ՀՀԿ հետ ԲՀԿ նոր պայմանավորվածությունն ամենայն հավանականությամբ չի լինի ավանդական-կոալիցիոն: Թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար դա չէ անհրաժեշտը: ՀՀԿ-ին անհրաժեշտ է ունենալ համակարգային ընդդիմություն, որը կծածկի այսպես ասած ընդդիմադիր դաշտը՝ հանրության ընդդիմադիր տրամադրությունների մի զգալի մասը, միեւնույն ժամանակ իշխող համակարգի հետ կապված լինելով սեփականության ամուր թելով: ԲՀԿ-ին էլ պետք չէ կոալիցիա մտնել ՀՀԿ հետ: Խորհրդարանի ընտրությանը ընդդիմադիր կոշտ դիրքորոշումից հետո, ԲՀԿ-ն ուղղակիորեն չի կարող երկրորդ անգամ կոալիցիա կազմել ՀՀԿ հետ, քանի որ այդ դեպքում կուսակցությունը կվերածվի ՕԵԿ-ի, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ՝ Արթուր Բաղդասարյանի: Ծառուկյանին դա անշուշտ պետք չէ: Նա մեծագույն հաճույքով կզբաղեցնի ընդդիմության հարթակը, դառնալով երկրի այսպես ասած գլխավոր ընդդիմությունը եւ որոշակիորեն հրապարակայնություն հաղորդելով 2017-18 թվականների համար ներիշխանական պայքարին, ու նոր հարթակում բանակցություն սկսելով Սերժ Սարգսյանի հետ իշխանությունը փոխանցելու առումով: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են խաղարկել պայմանավորվածության մի շրջանակի մեջ տեղավորված երկկուսակցական քաղաքական համակարգի մի մոդել, երբ իշխանության ղեկին հաջորդաբար միմյանց կփոխարինեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն, ընդ որում արդեն կարեւոր չէ, թե ի դեմս ինչ անձերի: Միեւնույն ժամանակ, այդ համակարգի շրջանակում նրանք կպահպանենն իրենց հիմնական կապիտալի եւ սեփականության անձեռնմխելիությունը: Եվ ներկայում թերեւս այդ կապիտալի ու սեփականության քարտեզագրումն է, որ հանդիսանում է ՀՀԿ եւ ԲՀԿ միջեւ առանցքային խնդիրը: Դրանից հետո, երկու իշխանական ուժերի համար տեխնիկայի հարց է լինելու միավահանակ երկկուսակցական համակարգի գործարկումը, որի շնորհիվ Հայաստանում հաստատված իշխանական համակարգն իր գոյությունը նոր, թվացյալ առավել դեմոկրատական փաթեթավորմամբ կշարունակի եւս մի քանի տասնամյակ: Անշուշտ, դժվար է ասել, թե դա լինելու է հայկական քաղաքական perpetuum mobile`հավերժական շարժիչ, բայց թերեւս ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս քաղաքական ընդդիմությունը ի զորու չէ խոչընդոտել այդ համակարգի ձեւավորմանը, եւ նույնիսկ կամա, թե ակամա նպաստում է դրան: ՀՀԿ եւ ԲՀԿ “շարժիչի” հավերժությանը կարող է մրցակից լինել նոր որակի, նոր պատկերացման, նոր սկզբունքների եւ արժեքների, քաղաքացիական ընդդիմությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: