Sunday, April 22, 2012

Ադրբեջանում Իրանի դեսպան. Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Իրանի շահերից

Panorama.am. 21-4-2012- Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը բխում է Իրանի շահերից
: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ադրբեջանական «Ենի Մուսավաթ» պարբերականին տված հարցազրույցում նշել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին: Այն հարցին, թե Պակիստանն ու Սաուդյան Արաբիան Հայաստանի հետ չունեն քաղաքական հարաբերություններ, իսկ Թուրքիան էլ փակել է հայ-թուրքական սահմանը, արդյոք հնարավո՞ր է, որ Իրանը, որպես իսլամական երկիր, ևս փակի Հայաստանի հետ սահմանը, Իրանի դեսպանը պատասխանել է.«Յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր արտաքին քաղաքականությունը, վերոնշյալ երկրներն իրենց շահերից ելնելով են Հայաստանի հետ փակել սահմանն ու հարաբերություններ չեն հաստատել, Իրանն էլ իր շահերից ելնելով է մշակում իր արտաքին քաղաքականությունը. Ավելին Իրանը, Հայաստանի հետ ունեցած իր հարաբերությունները կարող է օգտագործել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն օգնելու հարցում»: Դեսպան Բահրամին, անդրադառնալով Իսրայելի հատուկ ծառայությունների՝ Ադրբեջանում ծավալող գործունեության մասին հարցին, նշել է, որ այդ առնչությամբ Իրանն ունի հստակ փատեր, և եթե դրանք չլինեին, ապա իրանցի պաշտոնյաները երբեք դրանց մասին չէին բարձրաձայնի: Հիշեցնենք, որ վերջերս Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Իրանցի գիտնականների նկատմամբ կատարված ահաբեկչության հետ կապ ունեցող մի քանի ահաբեկիչների` Ադրբեջանում ազատ տեղաշարժի կապակցությամբ` ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել իրանական կողմի բողոքի նոտան»:

No comments: