Saturday, April 14, 2012

Թորոսյանն ու Օսկանյանը երբևէ մի հարկի տակ չեն եղել. Հարցազրույց ՀՀԿ նախկին անդամի հետ

Panorama.am. 14-4-2012- ՀՀԿ նախկին անդամ Տիգրան Թորոսյանի քաղաքական կարիերան ավարտված է, ընդ որում հարկ է նկատել, որ քաղաքական գիտությունների թեկնածու Թորոսյանի քաղաքական կարիերան սպառված կարելի է համարել, ոչ թե խորհրդարանական ընտրություներին մասնակցության հայտ չներկայացնելու պահից ի վեր, այլև շատ ավելի վաղ, երբ վերջինս խորհրդարանի խոսնակի պաշտոնը «սիրահոժար զիջեց» իր կուսակից Հովիկ Աբրահամյանին: Իսկ թե ինչո՞ւ խորհրդարանի նախկին խոսնակն այդքան խորթ պահվածք որդեգրեց, ինչու քաղաքական դաշտում իր տեղը պահելու համար ընտրապայքար չմտավ, և վերջապես ինչո՞ւ ՀՀԿ շարքերը լքած վիրավորված Թորոսյանն այդպես էլ ոմանց կանխատեսումների համաձայն չանդամագրվեց ԲՀԿ-ին և թեկուզ մեկ այլ կուսակցության, Panorama.am-ի հետ զրույցում վերջինս մեկնաբանեց հետևյալ կերպ: -Ձեր թեկնածությունը որևէ կերպ չառաջադրելը նշանակու՞մ է արդյոք, որ Դուք հրաժարվում եք այսուհետ զբաղվել քաղաքականությամբ: -Նախ` պետք է խոսել չառաջադրման պատճառի մասին: Մինչ առաջադրումների փուլին հասնելն էլ, մի շարք առիթներ եղել են հրապարակավ ներկայացնելու իմ մոտեցումները ընտրություններին մասնակցելու վերաբերյալ: Ասել եմ, որ պատգամավոր դառնալը չի կարող նպատակ լինել, այն հնարավորություն է ծրագրեր առաջադրելու և իրագործելու համար: Իհարկե, քաղաքականության մեջ ևս, ինչպես մյուս բնագավառներում, հաջողության հասնելու համար կարևոր են անհատների փորձն ու գիտելիքները, սակայն, միաժամանակ, ակնհայտ է, որ քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է: Իսկ քաղաքական թիմը գոյանում է ընդհանուր արժեքների, սկզբունքների ու մոտեցումների առկայության դեպքում: Ցավոք սրտի, այդ առումով Հայաստանի բազմակուսակցական համակարգը հայտնվել է անմխիթար վիճակում: Չհասցնելով կայանալ, այն այլասերվեց և վերածվեց միմյանցից սկզբունքորեն չտարբերվող ու կոմունիստական կուսակցության ամենաայլասերված վիճակը հիշեցնող կազմակերպությունների մեխանիկական համախմբի: Ընդ որում, այդ առումով թե իշխանության, թե ընդդիմության կուսակցությունները երկվորյակների են հիշեցնում: Եվ այլ բան հնարավոր էլ չէ, քանի որ անկախ այն բանից, իրենք դա ցանկանում են, թե ոչ, թե ընդդիմության, թե իշխանության կուսակցությունները մեկ համակարգի մասեր են: Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, որոնք կվկայեն, որ նրանց արատները խորն են ու նույնական: Հենց առաջադրումների փուլը լի է բազմակուսակցական համակարգի աղետալի վիճակը արտացոլող բազմաթիվ օրինակներով: Ընդդիմության վիճակն էլ մխիթարական չէ: Հենց մի բան բաժանելու հարց առաջացավ` ցուցակներում տեղեր զբաղեցնելու հերթականությունը, անմիջապես մոռացվեցին բոլոր կանոններն ու սկզբունքները և սկսվեց գզվռտոցը: Համեմատեք նախընտրական ծրագրերը: Դրանք բացարձակապես չեն ներկայացնում առկա ծանր իրավիճակի իրական պատճառներն, այլ կառուցված են սոսկ անհիմն ու բովանդակազուրկ խոստումների վրա, չունեն որևէ գաղափարական հիմք ու միմյանցից գրեթե չեն տարբերվում ոչ ներքաղաքական, ոչ արտաքին քաղաքական հարցերում: Ու թեև եղել են մի քանի առաջարկներ, սակայն ստեղծված իրավիճակում որևէ մեկի հետ նույն թիմով գնալը համարել եմ անիմաստ ու աննպատակ: Ցավոք սրտի, երկրի առջև ծառացած բարդ խնդիրների լուծման տեսակետից որևէ նշանակություն չունի, թե որ քաղաքական ուժը հաջողություն կունենա առաջիկա ընտրություններում: Կարող են փոխվել միայն անունները, բայց ոչ իրավիճակը: Առկա բարդ խնդիրների լուծման համար Հայաստանին անհրաժեշտ են այլ որակի կուսակցություններ: Ինչ վերաբերում է իմ հետագա քաղաքական գործունեությանն, ապա, ինչպես արդեն ասել եմ, նման հարց իմաստ կունենա քննարկել միայն որևէ քաղաքական թիմի հետ ընդհանուր արժեքների ու սկզբունքների առկայության պարագայում: -Այնուամենայնիվ, ինչու՞ չփորձեցիք քաղաքական դաշտում Ձեր տեղը պահել մեծամասնականով առաջադրվելու ճանապարհով: -Նախ, «տեղը պահելը» չի կարող առաջադրման նպատակ լինել: Ինչպես արդեն ասացի, քաղաքական գործունեությունը թիմային աշխատանք է և դրա բացակայությունը իմաստազրկում է պատգամավորական աշխատանքը, քանի որ այդ դեպքում մնում է միայն տեսակետներ արտահայտելու հնարավորությունը: Իսկ դա կարելի է անել նաև հոդվածներ հրապարակելով կամ հարցազրույցների միջոցով: Առավել ևս որ վերջին մի քանի տարիներին խորհրդարանը վերածվել է կառավարության բերած նախագծերը մեխանիկորեն ընդունող կառույցի և առաջիկայում նման գործելակերպը փոխելու ոչ մի նախադրյալ չկա: Ճիշտ հակառակը: Դժվար չէ նկատել, որ թե իշխանությունները, թե ընդդիմությունը որոշումներն ընդունում են մատերի վրա, տնավարի հաշվարկների արդյունքում: Որևէ քիչ թե շատ կայացած երկրում ավելի ու ավելի է կարևորվում քաղաքական որոշումների ընդունումը մասնագիտական կարծիքների հիման վրա, մինչդեռ մեր երկրում մասնագիտական կարծիքը երկրի կառավարման հարցում դարձել է ավելորդ: -Տեղեկություններ տարածվեցին այն մասին, թե Վարդան Օսկանյանն ու Դուք պիտի անդամագրվեք ԲՀԿ-ին, մինչդեռ պարոն Օսկանյանի դեպքում այս կանխատեսումներն իրականություն դարձան, Ձեր դեպքում՝ ոչ: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -Ասեկոսեներն ու «քաղաքական» բամբասանքները մեկնաբանելու կարիք չունեն: Դեռևս մի քանի տարի առաջ ոմանք նման ասեկոսեների միջոցով փորձեր էին անում մեզ ներկայացնել նույն «հարկի» տակ: Այն ժամանակ էլ առիթ ունեցել եմ ասելու, որ դրանք ասեկոսեներ են ու հերյուրանքներ: Հուսով եմ, որ վերջին զարգացումները վերջ կդնեն նման անհեթեթ «տեղեկություններին»: Ես հարգում եմ պարոն Օսկանյանի որոշումը, սակայն մի շարք հարցերում մենք ունենք միանգամայն տարբեր տեսակետներ ու մոտեցումներ քաղաքական գործունեության վերաբերյալ: -Քաղաքական դաշտից ու՞մ հետ եք շարունակում ակտիվ շփումները, ո՞վքեր են Ձեր մտերիմներն ու ընկերներն այսօր, ո՞ր թիմում են նրանք: -Ընկերներ ունեմ տարբեր քաղաքական ուժերում, ինչպես նաև անկուսակցականների մեջ: Իմ հետաքրքրությունները սոսկ քաղաքական գործընթացներով չեն սահմանափակվում և շփումներս պայմանավորված են ոչ թե դիմացինների քաղաքական հայացքներով, այլ մարդկային և մասնագիտական որակներով: Նախկինում էլ, քաղաքական ակտիվ գործունեությամբ զբաղվելիս էլ քաղաքականությունն ինձ համար եղել է նաև ուսումնասիրության առարկա և հետագայում էլ դա շարունակելու եմ: Ի դեպ, դեռևս 2006-ին հրատարակած «Հասարակական համակարգի հետխորհրդային տրանսֆորմացիա» մենագրությունում, մի շարք գիտական հոդվածներում և հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանի, ինչպես նաև հետխորհրդային մի քանի երկրների համար հիմնական մարտահրավերը բազմակուսակցական համակարգի կայացումն է: Ցավոք, այն այլևս ոչ թե մարտահրավեր է, այլ երկրի զարգացումը խոչընդոտող ծանր հիվանդություն:

No comments: