Monday, April 16, 2012

Իրանի մշակույթի նախարար. «Սահար»-ի լրագրողի նկատմամբ ադրբեջանական դատարանի որոշումն անհիմն է

Իրանի մշակույթի նախարարն իրանական «Սահար» հեռուստաալիքի լրագրողի նկատմամբ Ադրբեջանի դատական իշխանությունների կայացրած որոշումն անհիմն է որակել: Այդ մասին երեկ հաղորդել է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը: Համաձայն հաղորդագրության` ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման նախարար Մոհամմադ Հոսեյնին Ադրբեջանի կառավարությունից պահանջել է, որպեսզի վերջիններս խուսափեն «Սահարի» լրագրողի նկատմամբ անհիմն մեղադրանքներ ներկայացնելուց: Հավելենք, որ ըստ «ԻՍՆԱ»-ի` իրանական «Սահար» հեռուստաալիքի Բաքվի ներկայացուցչության ձերբակալված լրագրող Անար Բայրամլիի շահերի պաշտպան Անար Ղասեմլին օրերս հաղորդել էր, որ Բաքվի «Բինագադի» շրջանի դատարանը նախօրեին հապճեպ նիստ է հրավիրել և ևս մեկ ամսով երկարաձգել է «Սահարի» լրագրողի ձերբակալման ժամկետը: Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին իրանական ԶԼՄ-ները հաղորդագրություն տարածեցին, որտեղ նշվում էր, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել են իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության և «Սահար» հեռուստաալիքի Բաքվի գրասենյակի լրագրողները, իսկ մինչ այդ Ադրբեջանից վտարվել էր Իրանի հեռուստառադիոընկերության Բաքվի գրասենյակի ղեկավարը: Միջադեպի առնչությամբ` Բաքվում Իրանի դեսպանությունը բողոքի նոտա հղեց ադրբեջանական կողմին, պահանջելով անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին, միևնույն, ժամանակ, նշելով, որ լրագրողների ձերբակալության փաստը հակասում է միջազգային նորմերին:

No comments: