Monday, April 16, 2012

Հայաստանի ՊՆ. ՌԼԿ-ի տեղակայման հարցը կարճ ժամանակամիջոցում չի լուծվում

News.am. 14-4-2012- Նման կարգի հարցերը, ինչպիսին ռադիոլոկացիոն կայանի տեղակայումն է, կարճ ժամանակահատվածում չեն լուծվում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց երկրի պաշտպանական գերատեսչության աղբյուրը` մեկնաբանելով իսրայելական «Debka» պարբերականի այն հրապարակումը, թե Երեւանն ու Մոսկվան համաձայնեցրել են Հայաստանի լեռներում ռադիոլոկացիոն կայան տեղակայելու մասին պայմանագիրը: Հիշեցնենք, որ «Debka.com» կայքը, վկայակոչելով իր աղբյուրներին, օրերես հաղորդել էր, թե Հայաստանի ռադիոլոկացիոն կայանը կդիմակայի Թուրքիայի Ինջիռլիքի ՆԱՏՕ-ի բազայում տեղակայված ամերիկյան ռադարին եւ որ նման որոշումը կողմերը համաձայնեցրել էին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում: «Այնպես, ինչպես թուրքական կայանը (չնայած Անկարայի հակառակ պնդումներին) տվյալներ է փոխանակում իսրայելական Նեգեւի բազայի հետ իրանական հրթիռների վերաբերյալ, այնպես էլ Հայաստանում տեղակայված ՌԼԿ-ն տվյալները կկիսի Թեհրանի հետ»,-նշվում է հոդվածում: Անցած շաբաթ Լավրովի այցը Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան նպատակ ուներ հյուսիսային եւ արեւելյան հարեւանների օգնությամբ ապահովել Իրանի անվտանգությունը հնարավոր ամերիկա-իսրայելական գրոհից, հաղորդում են Debka- ի աղբյուրները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել իր տարածքում Գաբալայի ՌՏԿ-ի նմանօրինակի տեղակայման հարցը:

No comments: