Monday, April 16, 2012

Համակարգի առաջին պտուտակը

«Լրագիր» 15-4-2012- Այսօր Մաշտոցի պուրակի ինքնակամ շինություններն ապամոնտաժող քաղաքացիների 6 բրիգադները ձեռնամուխ էին եղել կրպակների ապամոնտաժման աշխատանքներին: Ոստիկանությունը խոչընդոտել է քաղաքացիների օրինական գործողություններին: Քաղաքացիներին հաջողվել է մի քանի պտուտակ հանել բուտիկներից մեկի տանիքից:Նկարում պատկերվածն առաջին պտուտակն է: Հիշեցնենք, որ մինչ այդ, երիտասարդ բնապահպաններն ու ակտիվիստները մոտ երկու ամիս շուրջօրյա պայքար էին մղում անօրինական կրպակների կառուցման դեմ: Նրանց անձնազոհ քաղաքացիական պայքարը ոգեւորեց քաղաքացիներին, որոնք ձեւավորեցին ապամոնտաժող առաջին խումբը՝ երիտասարդների պահանջն իրականացնելու նպատակով: Ապամոնտաժող բրիգադների թիվն անշեղորեն ավելանում էր, եւ սեղմվում օղակը անօրինական կրպակների շուրջ: Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը հայտարարեց, թե ինքը պուրակում սեփականություն չունի, եւ իր համար սկզբունքային չէ Աբովյան փողոցից ապամոնտաժված իր կրպակի տեղակայման նոր վայրը: Իսկ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանը հայտարարեց, թե եթե սեփականատերերը համաձայնեն, իր համար նույնպես սկզբունքային հարց չէ: Սակայն, այդ դեպքում անգամ, Տարոն Մարգարյանը չի նշում այդ «սեփականատերերի» անունները, թեեւ առանց դրա էլ ամեն ինչ պարզ է՝ Մաշտոցի պուրակում կատարվող անօրինականության հեղինակը միմիայն Երեւանի քաղաքապետի պաշտոնը ներկայում զբաղեցնողն է: Մաշտոցի պուրակում կատարվողը վաղուց դուրս է եկել ապամոնտաժման գործողության շրջանակից, վերածվելով քաղաքացիական շարժման՝ հանուն երկրում Սահմանադրական կարգի, օրինականության հաստատման: Մինչ կուսակցությունները զբաղված են «ընտրություններ» կոչվող կլոունադայով՝ հանուն մանդատի ու դիրքերի, Մաշտոցի պուրակում ձեւավորվում է Նոր Հայաստանի ինքնորոշված քաղաքացին՝ անկախ պետականության ամենամեծ արժեքը: Նա չի ձգտում իշխանության ու մանդատի, նա ապամոնտաժելու է արատավոր համակարգը, որպեսզի կառուցի Նոր Հայաստանը, որտեղ գործելու է Սահմանադրությունն ու օրենքը, արմատավորվելու են իշխանության ձեւավորման ընտրական մեխանիզմները, առաջնային է լինելու ոչ թե ինչ որ խմբավորումների, այլ պետության ու քաղաքացու շահը: Այդ իմաստով, Մաշտոցի պուրակում անցնում է այն գիծը, որից այսկողմ Նոր Հայաստանի տեսլականն է՝ ավելի ու ավելի մարմնավորվող, մյուս կողմում՝ գորշ, հակապետական ու հակամարդկային մեռյալ համակարգը՝ իր իշխանությունով ու ընդդիմությունով, իրար մեջ գծած սեւ ու սպիտակ գծերով, իրենց «ընտրական» խաղերով: Քաղաքացիներն այս առաջին պտուտակը նվիրում են Հայաստանի լուսավոր, կենսախինդ մարդկանց, որոնց դեռ չի կլանել համակարգի գորշությունը, եւ նրանց, ովքեր ցանկանում են թոթափել գորշությունը:

No comments: