Monday, April 23, 2012

ՄԱԿ–ում ՀՀ դեսպանը քննադատել է Մեծամորի ատոմակայանի շուրջ Ադրբեջանի ծավալած գործողությունները

Tert.am. 22-4-2012- Անցած շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին այդ
կազմակերպությունում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանի կողմից ներկայացվել են Հայաստանի մոտեցումները Մեծամորի ատոմակայանի անվտանգության հարցի առնչությամբ, որի համար առիթ էր ընձեռել ադրբեջանական կողմը: Ոգեշնչվելով Սեուլում վերջերս կայացած միջուկային անվտանգության գագաթաժողովին Ալիևի հնչեցրած անհեթեթ մեկնաբանություններից` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է կրկնել իր նախագահի անհաջող քարոզչությունը ՄԱԿ ԱԽ-ում, ինչը մեր ունեցած տեղեկությունների համաձայն տարակուսանք է առաջացրել անդամ երկրների շարքում: Այս առթիվ ՀՀ դեսպանի կողմից վերջիններիս տեղեկացվել է, որ ադրբեջանական կողմի հայտարարությունը «պետք է դիտարկվի որպես Ադրբեջանի հակահայկական քարոզչական գրքի կրկնվող հերթական հատված, այլ ոչ թե որպես Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ արվող դիտարկումներ: «Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այն փաստի վրա, որ զեկուցման մեջ Հայաստանի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ Ադրբեջանի կողմից վկայակոչված տեղեկատվությունը պարունակում է բազմաթիվ կեղծիքներ: Անհիմն դիտարկումներ անելու և Անվտանգության խորհրդի ընթացակարգը չհարգելու փոխարեն նախընտրելի կլիներ, որ Ադրբեջանի կառավարությունն ու իր ներկայացուցիչները իրենց հայտարարությունները նախապատրաստելիս հիմնվեին ԱԷՄԳ-ի զեկույցների և փորձագետների գնահատականների վրա: Ինչպես հայտնի է, 2011թ. հունիսին միջուկային տեղակայանների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարությամբ ուսումնասիրել է ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը: ԱԷՄԳ միջուկային տեղակայանների անվտանգության հարցերով ստորաբաժանման ղեկավարության ներքո փորձագիտական խումբը 2011թ. մայիսի 16-ից հունիսի 2-ը անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությամբ մանրամասն ուսումնասիրություն է իրականացրել և հադես եկել զեկույցով, որում նշվում է. «Հայաստանը բարձր է գնահատվում միջազգային միջուկային հանրության հետ իր բաց համագործակցության համար»: Ինչպես ընդգծվել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի` Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ, Հայաստանը շարունակում է ցուցաբերել ամբողջական հաստատակամություն և համաձայնություն միջազգային միջուկային անվտանգության դրույթներին և պատշաճ կերպով նպաստում է դրանց իրագործմանը: Բազմակողմ մակարդակում և մասնավորապես ԱԷՄԳ հետ համագործակցության միջոցով Հայաստանը շարունակաբար ուժեղացնում և իրականացնում է ամուր և միասնական անվտանգության չափանիշներին ուղղված միջոցառումներ: Ցավոք, Ադրբեջանը, ցանկանալով օգտագործել իր Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի ընձեռնված յուրաքանչյուր հնարավորությունը Հայաստանին վարկաբեկելու համար, մոռանում է իրենից ակնկալվող ջանասիրության և փաստերը ստուգելու մասին: Անհրաժեշտ է հիշեցնել, որ նման անփույթ հայտարարությունները ոչ միայն անընդունելի են Խորհրդում, այլ նաև սպառնում են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին Անվտանգության խորհրդում նման անհիմն ու սադրիչ գործողությունների վրա վատնած էներգիան և ռեսուրսները ուղղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում բովանդակային մասնակցությանը և ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հարատև լուծման ձեռքբերմանը»,– նշել է Կ. Նազարյանը:

No comments: