Tuesday, April 17, 2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության նախարարին

Panorama.am. 16-4-2012- Ապրիլի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի անդամ, Իսրայելի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար տիկին Օրիթ Նոկեդի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի: Հանդիպման սկզբում ՀՀ գյուղատնտեսության նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է այցի նպատակները և նախարարությունների միջև հետագա համագործակցության առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այնուհետև, ողջունելով պատվիրակության այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախություն է հայտնել, որ երկու երկրների միջպետական հարաբերությունները սկսում են զարգանալ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ հայ համայնքի և Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր ներկայությունը Իսրայելում ևս դրական ներգործություն կունենա երկու երկրների համագործակցության ամրապնդման գործում: Վեհափառ Հայրապետն անդրադարձել է նաև հայ և հրեա ժողովուրդների բազում ընդհանրություններին: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը կարևոր է համարել, որ ցեղասպանություն ապրած երկու ժողովուրդներն առավել զորացնեն իրենց կապերն ու համագործակցությունը` համատեղ պայքարելու, որպեսզի նման ոճիրները բացառվեն և այլևս տեղ չգտնեն մարդկության կյանքում: Իր հերթին տիկին Օրիթ Նոկեդը ներկայացրել է այցի վերաբերյալ իր տպավորությունները: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է նաև Երուսաղեմ կատարած հովվապետական իր այցերին, Հայ Եկեղեցու միջկրոնական հարաբերություններին:

No comments: