Thursday, April 12, 2012

Երևան-Ստեփանակերտ չվերթի առաջին ուղևորը ես եմ լինելու. ԼՂՀ ՊԲ հրամանատար

HayNews.am. 11-4-2012- Թշնամուն զսպողը Արցախի պաշտպանական բանակն է և սահմանին կանգնած զինվորը. ԼՂՀ ՊԲ հրամանատար «Թշնամուն զսպողն Արցախի պաշտպանական բանակն է և սահմանին կանգնած հայ զինվորը: Կրակային տեսանկյունից լարվածությունն այսօր սահմանին շատ ավելին է, քան նույնիսկ պատերազմի ժամանակ»,-հայաստանցի լրագրողների հետ հանդիպմանը Ստեփանակերտում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը: Ի հաստատումն ասվածի` Արցախի պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեղեկացնում է, որ միայն այսօր հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է 51 անգամ, նախորդ տարի`2011 թվականին հակառակորդի կողմից արձակված կրակից սպանվել է 11 հայ զինվոր: Միաժամանակ Մովսես Հակոբյանն ընդգծում է, որ հակառակորդի զոհերն ավելին են եղել. «Մենք իրականացրել ենք պատժիչ գործողություններ, և ինչպես ամիսներ առաջ, այսօր էլ հայտարարում եմ, որ յուրաքանչյուր հայ զինվորի կյանքի դիմաց թշնամին տալու է առնվազն 3 զինվորի կորուստ: Պատերազմի վերսկսման դեպքում Արցախի Պաշտպանական բանակը և առհասարակ հայկական կողմը պատրաստ է արժանի հակահարված տալու և հաղթելու: Դրա համար մենք ամրապնդում ենք նաև մեր դիրքերը սահմանին, ավելացնում ենք մեր հենակետերի թիվը: Ասեմ ավելին` մեր դիրքներն ամրացնում ենք ոչ միայն առաջնագծում, այլև խորքային հատվածով: Մենք նոր բնագիծ ենք կառուցելու Աղդամից մինչև Օմարի լեռնանցք»: Խոսելով սպառազինությունների մրցավազքից` Մովսես Հակոբյանը նկատեց, թե հայկական կողմը պարտադրված է պահպանել սպառազինությունների հարաբերակցությունը, և որ սա ինքնանպատակ չի արվում` հաշվի առնելով պատերազմի վերսկսման վտանգը: Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչեցվող սպառնալիքներին` կապված Ստեփանակերտի օդանավակայանի հետ, Արցախի պաշտպանության նախարարը շեշտեց. «Մեզ չի մտահոգում ոչ մի սպառնալիք: Մենք ունենք ամուր և հզոր հակաօդային պաշտպանություն: Ավելի ասեմ` եթե մենք մեր մտքներին դնենք, կարող ենք հակառակորդի ինքնաթիռներ ոչնչացնել, որոնք պարբերաբար փորձում են ստուգել մեր հակաօդային պաշտպանության վիճակը»: Մովսես Հակոբյանը տեղեկացրեց, որ Ստեփանակերտի օդանավակայանի կահավորման գործընթացն ավարտված է, կան տեխնիկական որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծվեն, ուստի և բացման հետ կապված ժամկետներ չնշեց. «Ես շատ ուրախ եմ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման առիթով, քանի որ ինձ համար ծանր է Ստեփանակերտից Երևան գալ ավտոմեքենայով: Ես լինելու եմ առաջին ուղևորը Երևան-Ստեփանակերտ չվերթի: Հատուկ այդ նպատակով գործարկումից առաջ գալու եմ Երևան: Սկզբնական շրջանում կունենանք մեկ ինքնաթիռ մի քանի չվերթներով, այնուհետ կավելացնենք և ինքնաթիռների թիվը և ուղղությունները»: Ամփոփելով այս հարթությունում իր ասելիքը` Մովսես Հակոբյանը հարկ համարեց ընդգծել, որ ի տարբերություն Հայաստանում ծառայող զինվորի, Պաշտպանական բանակի զինվորն իրավուքն ունի հակառակորդի կրակոցին պատասխանելու և անգամ պատերազմ հայտարարելու. «Այո, ես իմ զինվորին նման արտոնություններ եմ տվել: Իմ զինվորն ազատ է»:

No comments: