Thursday, April 12, 2012

«Le Figaro». «Ցավում ենք, բայց այստեղ հայեր չկան». վաճառականի որդու պատմությունը

News.am. 12-4-2012- Ֆրանսիական «Le Figaro» պարբերականը գրում է Մաթյե Զեյթինջիօղլուի` «Ձիթապտղի վաճառականի որդին» փաստագրական ֆիլմի մասին, որտեղ շոշափվում է Հայոց ցեղասպանության ժխտման թեման: Ֆիլմի անվանումը Զեյթինջիօղլուի ազգանվան թարգմանությունն է: Այդ թուրքերեն դարձված ազգանունը նրա հայ պապին թույլ է տվել փրկվել կոտորածից: Մաթյեի լեհուհի կինը` Աննան, հետաքրքրվելով այդ տարօրինակ ազգանունով, որը նաեւ ամուսնությունից հետո իր ազգանունն էր դարձել, ստիպում է ամուսնուն զբաղվել իր ընտանիքի եւ ազգի պատմությամբ: Իրադարձությունները տեղի են ունենում Վանում: Երիտասարդ զույգին, որը իր նախնիների ներկայության հետքերն է փնտրում, ասում են. «Ցավում ենք, բայց այստեղ հայեր չկան»: «Դուք Հայաստանում չեք»: «Իհարկե: Սակայն չկա անգամ պատմական հիշողությո՞ւն: Հայերի հնագույն ներկայության մասին չկան անգամ հիշատակումնե՞ր հնագիտական թանգարաններում: Սա մի ողջ ժողովրդի ոչնչացում է, սա ոչ միայն 1915թ. ցեղասպանության, այլեւ բազմադարյա պատմության պաշտոնական լռությունն է»: Հենց սա են արձանագրում Մաթյեն եւ Աննան` Թուրքիայում անցկացրած իրենց մեղրամիսի ժամանակ: Այս անձնական մասնակցությունը ֆիլմին չամոքվող կարոտաբաղձության էմոցիոնալ երանգ է հաղորդում: Սակայն ֆիլմը նաեւ իրական բովանդակություն ունի: Ճանապարհորդությունը հագեցած է հանդիպումներով, բնապատկերներով, քննարկումներով, ներկայացված են արխիվային փաստաթղթեր: Ֆիլմում սուր քննադատության է ենթարկվում ինստիտուցոնալիզացված պատմական սուտը, որն անվանվում է պետական ժխտողականություն:

No comments: