Thursday, April 12, 2012

Ադրբեջանին փորձում են ներքաշել ռազմական գործընթացների մեջ. ադրբեջանագետ

Tert.am. 11-4-2012- Ադրբեջանը գնալով մեծացնում է իր ռազմական տեխնիկան, իսկ Իրանը մտավախություն ունի, որ հենց իր դեմ են դրանք օգտագործվելու, այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը: «Որոշակի քաղաքական ուժեր փորձում են Ադրբեջանին ներքաշել այս ռազմական գործընթացների մեջ, բայց Ադրբեջանը դեռևս չի ցանկանում ներքաշվել»,- ասաց նա: Իրանագետ Նվեր Դավթյանն իր հերթին նշեց, որ թեև Ադրբեջանը հայտարարել է, որ իր տարածքը երբևէ չի կարող օգտագործվել Իրանի դեմ, սակայն դեռևս բոլոր փաստերն այլ բանի մասին են հուշում: «Այն ռազմական տեխնիկան, որ Ադրբեջանը ձեռք է բերում Իսրայելից, մեկ օրվա պայմանագրով չի կատարվում: Դա նշանակում է Իրանի մտավախությունը տեղին է: Պատերազմ սկսելու պարագայում Իսրայելը կունենա մեկ խնդիր. ինչպես են իսրայելական օդային ուժերը ի վիճակի լինելու հաղթահարել այդքան երկար տարածություն, հասնել Իրան ռմբակոծել և հետ վերադառնալ»,- ասաց նա: Երկու բանախոսներն էլ պատերազմի վերսկսումը դեռևս հավանական չեն համարում, բայց ադրբեջանագետը հավաստիացրեց, որ ներկա փուլում ընթանում է գաղտնի պատերազմ՝ գաղտնի գործակալների մասնակցությամբ: Իրանագետ Նվեր Դավթյանը նաև ասաց, որ Ադրբեջանը պետք է լավ մտածի Իրանի դեմ գործողություններ սկսելուն օժանդակելուց առաջ, քանի որ Ռուսաստանը նման պարագայում որևէ կերպ չի աջակցի Բաքվին: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն էլ իր խոսքում նշեց, որ պատերազմի դեպքում ոչ մի երկիր անմասն չի մնա: «Ռուսաստանն ունի իր շահերը և պատերազմի ընթացքում դրանք հնարավորինս կպաշտպանի: Իհարկե, Իրանի և Ադրբեջանի միջև դժվար թե բացահայտ առճակատում լինի, բայց Իրանի Ատրպատական նահանգ Ադրբեջանը հնարավոր է , որ փորձի զորք մտցնել»,-ասաց նա:

No comments: