Wednesday, May 16, 2012

Հնդկաստանը 11 տոկոսով կրճատելու է Իրանից նավթի ներմուծումը

Հնդկաստանի իշխանությունները հայտնել են Իրանից նավթի ներմուծումները 11 տոկոսով կրճատելու մասին: Վառելիքի գծով Հնդկաստանի պետական նախարար Սինգհը հայտնել է, որ ֆինանսական այս տարվա ընթացքում երկրի նավթամշակման գործարաններն Իրանից նախատեսում են ներմուծել 15,5 միլիոն տոննա նավթ: Ըստ նրա՝ Հնդկաստանը ''գիտակցաբար է փորձում զանազանեցնել ներմուծվող հում նավթի աղբյուրները՝ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով'': Հնդկաստանի իշխանությունների արված հայտարարությունից առաջ Միացյալ Նահանգներն ուժեղացրել են այս երկրի նկատմամբ գործադրվող ճնշումը՝ փորձելով ձեռք բերել Հնդկաստանի օգնությունն Իրանի միջուկային վիճահարույց ծրագիրը դադարեցնելուց հրաժարվելու պատճառով այս երկիրը մեկուսացնելու գործում: ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթոնն անցյալ շաբաթ կատարած իր այցի ընթացքում հորդորել է Հնդկաստանին նվազեցնել Իրանից ներմուծվող նավթի ծավալները՝ Վաշինգտոնի օրենսդիրների կողմից Իրանից նավթ գնող պետությունների դեմ ուղղված պատժամիջոցների սահմանմանն ընդառաջ: Հնդկաստանը ներմուծում է երկրում օգտագործվող նավթի մոտ 80 տոկոսը: Ամերիկայի ձայն

No comments: