Wednesday, May 16, 2012

ԵՄ արձանագրում է, որ բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում նվազում է

Երեւան: Մեդիամաքս: 16-5-2012- Եվրոպական Միությունն արձանագրում է, որ նախորդ տարիների համեմատ, բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում անշեղորեն նվազում է: Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին ասվում է Եվրոպական Հանձնաժողովի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով Գերագույն Ներկայացուցչի այսօր հրապարակած համատեղ փաստաթղթում՝ 2011թ-ին Հայաստանում Եվրոպական Հարեւանության Քաղաքականության իրականացման վերաբերյալ: «Քաղաքացիական վերահսկողությունը զինված ուժերի նկատմամբ բավական արդյունավետ է: Պաշտպանության նախարարը քաղաքացիական անձ է: Այնուամենայնիվ, անպատժելիությունը անվտանգության ուժերի անդամների կողմից մարդու իրավունքների խախտումների համար մտահոգության տեղիք է տալիս: Պաշտպանական բարեփոխումը, ավելի շատ թափանցիկություն ապահովելով, նաեւ ի հայտ է բերում չարաշահումների խնդիրը: ՀՀ Զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ամենափակ կառույցներից մեկը, որտեղից հաճախ են ստացվում հաղորդագրություններ բռնության կիրառման, ոչ մարտական պայմաններում գրանցվող զոհերի մասին: Միաժամանակ, պաշտպանության նախարարությունը ցուցաբերում է թափանցիկ աշխատանքի բարձր մակարդակ՝ տեղեկատվություն հրապարակելով յուրաքանչյուր պատահարի մասին: Նախորդ տարիների համեմատ, բռնության դեպքերի թիվը Հայաստանի Զինված Ուժերում անշեղորեն նվազում է: Զինվորական ղեկավարները նաեւ անընդհատ հավաստիացնում են հասարակությանը յուրաքանչյուր պատահարը հետաքննելու իրենց պատրաստակամության մասին», - ասված է փաստաթղթում:

No comments: