Wednesday, May 23, 2012

Ադրբեջանի ԱԳՆ. Իրանը նախանձում է Ադրբեջանին

Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևն հայտարարել է,
թե «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումը Բաքվում որոշ շրջանակներում նախանձ է առաջացրել, այդ թվում Իրանի մոտ: Այս մասին գրում են տեղի լրատվամիջոցները: Աբդուլաևն այսպիսով մեկնաբանել է այսօր առավոտյան տեղեկատվություն այն մասին, թե Իրանը հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին: «Իրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում հայտնել են, թե դեսպանը հայրենիք է կանչվել խորհրդակցության համար: Մյուս կողմից, որոշ լրատվամիջոցներ պնդում են, թե դեսպանի հետկանչը որոշակի արձագանքի դրսևորում է: Այսինքն, հենց Իրանում այս հարցի շուրջ անորոշություն է տիրում և որոշ ուժեր չեն կարող հստակեցնել, ինչով է պայմանավորված դեսպանի վերադարձը Թեհրան», - ասել է Աբդուլաևն ու եզրահանգել,-«Ցավոք, «Եվրատեսիլ մրցույթի անցկացումը Ադրբեջանում, մեծ թվով արտասահմանցիների ժամանումը Բաքու շատերի մոտ նախանձ է առաջացրել, այդ թվում Իրանի»: Հիշեցնենք, այսօր առավոտյան Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին, ի նշան բողոքի, լքել էր այդ երկիրը: Տեղեկատվության համաձայն՝ Իրանի դեսպանի՝ Ադրբեջանը լքելու շարժառիթն այն է, որ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ են հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել: Հավելենք, որ վերոնշյալ միջադեպի առնչությամբ՝ բավականին կոշտ հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանում Իրանի դեսպանությունը՝ ադրբեջանական կողմին հորդորելով անհապաղ արձագանքել Իրանի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններին:

No comments: