Wednesday, May 23, 2012

Երբ ասում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետություն, մենք օրինականացնում ենք Սովետական Ադրբեջանի սահմանները. Արա Պապյան

Tert.am. 22-5-2012- Պատմաբան, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը այսօր Նարեկացի արվեստների միությունում ունեցած իր դասախոսության ընթացքում նշեց, որ երբ այսօր ասում ենք Հայաստանի Երրորդ Հանրապետություն, մենք օրինականացնում ենք Սովետական Հայաստանի և Սովետական Ադրբեջանի սահմանները, որով ԼՂՀ-ն մտնում էր Ադրբեջանի կազմի մեջ: «Երրոդ Հանրապետությունն ավելի շատ լրագրողական կլիշե է, եթե խոսում ենք իրավական առումով Սովետական Հայաստանը չի եղել միջազգային իրավական սուբյեկտ: Միջազգայնորեն ամրագրված են պետականության չափորոշիչները և պետության համար անհրաժեշտ է չորս գործոն: Նախ տարածք, ինչը Խորհրդային Հայաստանը չուներ, դա ԽՍՀՄ տարածքն էր,երկրորդ՝ բնակչություն, այդ շրջանում Հայաստանում բնակվողները համարվում էին ԽՍՀՄ քաղաքացիներ, երրորդ՝ չուներ կառավարություն և միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողություն՝ դեսպանների առկայություն»,-ասաց նա և նշեց, որ եթե մենք ընդունում ենք, որ Խորհրդային Հայաստանին իրավական կարգավիճակ ենք տալիս, ապա ԼՂՀ հարցը պետք է դիտարկվի ոչ թե մինչ խորհրդայնացումը եղած միջազգային պայմանագրերի հիման վրա, այլ դրանից հետո: Ըստ պատմաբանի՝ ԼՂՀ հարցը պետք է լուծվի 1920թ-ի փետրվարի 24-ին Ազգերի լիգայի խորհրդի որոշման համաձայն, որտեղ ընդունված փաստաթղթի տակ ստորագրել են Բրիտանական Կայսրության, Իտալիայի, Ֆրանսիայի և Ճապոնիայի ներկայացուցիչները: «Այդ փաստաթղթով որոշվեց սկզբունքը, որով պետք է որոշվեին հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները: Դա ինքնորոշման սկզբունքն էր: Այսօր Ադրբեջանը չունի որևէ փաստաթուղթ, որով Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, դեռ ավելին՝ Ազգերի լիգայի փաստաթղթով ոչ միայն ԼՂՀ-ն, այլ նաև Դաշտային Ղարաբաղը պետք է անցներ Հայաստանին»,- ասաց նա և նշեց, որ սա միակ միջազգային փաստաթուղթն է, որը կարգավորում է այս խնդիրը, այնինչ մյուսները ներպետական կամ այլ տիպի փաստաթղթեր են, որոնք իրավական ուժ չունեն: Արա Պապյանը նշեց, որ հարցը կարող է լուծվել միայն միջպետական փաստաթղթի հիման վրա, քանի որ եթե ԽՍՀՄ շրջանում հարցը ներպետական էր, ապա Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո այն դարձավ միջպետական:

No comments: