«Լրագիր» 17-5-2012- Հայաստանում բնական ուշադրության է արժանանում այն փաստը, որ այցելելով Մոսկվա՝ ՀԱՊԿ եւ ԱՊՀ հոբելյանի կապակցությամբ տեղի ունեցած վեհաժողովների համար, Սերժ Սարգսյանը չարժանացավ ՌԴ նոր նախագահ Պուտինի առանձին ընդունելությանը, ինչը հատկապես ուշագրավ էր այն առումով, որ Պուտինն օրինակ ընդունել էր մյուս նախագահներին, իսկ Սերժ Սարգսյանին էլ ընդունել էր ՌԴ վարչապետ Մեդվեդեւը: Թերեւս ակնհայտ է, որ Ռուսաստանն այստեղ ինչ որ վերաբերմունք է ցույց տալիս պաշտոնական Երեւանի նկատմամբ, եւ այդ վերաբերմունքը պարունակում է նկատելի դժգոհություն: Ինչի՞ց է դժգոհ Ռուսաստանը, կամ մասնավորապես Պուտինը: Արդյոք Պուտինը Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել այն պատճառով, որ Սերժ Սարգսյանն էլ խորհրդարանի ընտրության գործընթացում այդպես էլ որեւէ էական նշանակություն չտվեց Պուտինի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներին եւ որեւէ քայլ չնահանջեց ՀՀԿ բացարձակ մեծամասնություն կազմելու մտադրությունից: Միգուցե Պուտինը որոշել է, որ եթե Սարգսյանը ուշադրություն չի դարձրել կամ հաշվի չի առել Քոչարյանի հետ իր հանդիպումները, որոնց մասին երկրորդ նախագահի գրասենյակը պարբերականորեն հայտնում էր հանրությանը, ուրեմն ինքն էլ ուշադրություն չի դարձնելու Սերժ Սարգսյանին: Անշուշտ, դա ամենեւին երկրորդական նշանակության իրադարձություն չէ, երբ Ռուսաստանի պես մեր տերության ղեկավարն այդօրինակ ձեւով դժգոհություն է հայտնում Հայաստանի իշխանությունից: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, թերեւս կարեւոր է ՌԴ իշխանության տրամադրության ամեն մի ալիք՝ մեծ, թե փոքր: Բայց, Հայաստանի համար ի՞նչ է փոխվել մինչ այժմ, երբ որեւէ մեկը պարբերաբար հանդիպել է Պուտինի հետ: Ի՞նչ են տվել այդ հանդիպումները Հայաստանին, բացի իշխող համակարգի պերմանենտ վերարտադրումներից: Իսկ գուցե ժամանակն է, որ Ռուսաստանը մի քիչ էլ դժգոհ լինի Հայաստանից, ու Հայաստանն ուժ գտնի ուշադրություն չդարձնել այդ դժգոհություններին: Թող մի քիչ էլ Ռուսաստանը մտածի չկայացած հանդիպումների մասին, ոչ թե Հայաստանն ամեն այդպիսի փաստից հետո մեր պետության համար ապոկալիպտիկ արձանագրումներ անի: Ի վերջո, ժամանակն է Ռուսաստանին հստակ ցույց տալ, որ Հայաստանն ամենեւին էլ անայլընտրանք չէ, որ Հայաստանն ունի անցնելու այլ ճանապարհներ էլ եւ կարող է անցնել: Միայն դրանով է հնարավոր փոխել Հայաստանի հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքը, ստիպել, որ Հայաստանը դիտվի ոչ թե ֆորպոստ, այլ արժեքավոր գործընկեր, որի հետ հարկ եղած դեպքում պետք է գնալ նաեւ փոխզիջման, այդ գործընկերությունը չկորցնելու համար: Անշուշտ, դրա համար հարկավոր է, որ Հայաստանը չդիմի ավանտյուրայի, այլ Ռուսաստանի հետ գլուխը բարձր խոսելուն զուգահեռ Հայաստանում իրականացնի համակարգային անհրաժեշտ վերափոխումներ, որպեսզի Ռուսաստանի իշխանության առաջ գլուխը չկախելը լինի թիկունքից որոշակիորեն ապահովվող: Մյուս կողմից, գուցե նաեւ լինեն դժվարություններ, խնդիրներ, անգամ սադրանքներ հենց Ռուսաստանից, Հայաստանի գլուխը միշտ խոնարհ պահելու համար: Պետք է նաեւ պատրաստ լինել դրան: Ի վերջո, խնդիրը ներկայում ոչ թե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունն է, այլ Հայաստանի ինքնիշխանությունը, այլ կերպ ասած՝ վերանկախացումը եւ թե Ռուսաստանի, թե աշխարհի հետ հարաբերությունը հենց այդ դիրքից վերակառուցելը: Հետեւաբար, պետք է նաեւ ինչ որ տեղ պատրաստ լինել Ռուսաստանից հնարավոր հարվածներին, ու պատրաստ լինել հանրային հնարավորինս լայն կոնսենսուսային մթնոլորտով, գոնե այդ հարցում: Չէ որ եթե այդ հարցում լինի նաեւ հանրային մեծ կոնսենսուս, ապա Ռուսաստանն էլ կզգուշանա որեւէ գլոբալ պատժամիջոցից, հասկանալով, որ դա չաշխատող տարբերակ է: Սակայն, մի կողմից այդ, եւ ընդհանրապես որեւէ այլ հարցում կոնսենսուսի գալու համար անհրաժեշտ մթնոլորտային նախադրյալ երբեք չի ձեւավորում իշխանությունը՝ որեւէ կոնկրետ ռազմավարական, հեռանկարային առաջարկ կամ նախագիծ չներկայացնելով հասարակությանը, իսկ մյուս կողմից էլ ընդդիմադիր դաշտից կարող է ասենք Հայաստանի խորհրդարանում որեւէ բանիմաց, երիտասարդ եւ հեռանկարային գործչի փոխարեն հայտնվել հայությանը Պուտինի օգտին քվեարկելու կոչ անող մի տիկին: Իսկ այդ իրողություններն արդեն խոսում են ավելի շատ խորհրդա-ռուսական դավադրության աջակցության, քան հակառակի համար անհրաժեշտ սկզբունքային կոնսենսուսի հնարավորության մասին: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, May 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment