Thursday, May 17, 2012

Cumhuriyet. Սարկոզին հեռացավ, բայց հայկական հարցը մնաց

Panorama.am. 16-5-2012- Թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի սյունակագիր Ութքու Չաքըրօզերն իր հոդվածում անդրադարձել է ֆրանս-թուրքական հարաբերությունների նոր շրջանին և նոր ակնկալիքներին: Նշվում է, որ վերջապես ավարտվեց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի պաշտոնավարության ժամկետը, որը պատմության մեջ մնաց որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների ամենավատ շրջան: Նորընտիր նախագահ Ֆրանսուա Հոլանդը, որը դավանում է սոցիալիստական գաղափարներ, Անկարային ավելի լավ հարաբերությունների հույս է ներշնչում: Հոդվածագիրը նկատել է տալիս, որ հետընտրական շաբաթը նշանավորվեց փոխադարձ մի քանի դրական ժեստերով: Մասնավորապես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը և վարչապետ Թայիփ Էրդողանը ջերմագին շնորհավորանք էին հղել Ֆրանսուա Օլանդին: Վերջինս եղավ առաջին նախագահը, ով ուղերձ հղեց Ֆրանսիայի թուրքական համայնքին: Հայկական հարցի մասին հոդվածագիրը նշում է, որ այն կշարունակի մնալ որպես ֆրանս-թուրքական հարաբերությունների բաղադրիչ: «Անշուշտ, Ֆրանսիայի սոցիալիստ առաջնորդի հետ աշխատանքներում դեռ կլինեն որոշակի դժվարություններ: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ Գյուլսուն Բիլգեհանն այն կարծիքին է, որ միշտ էլ սոցիալիստները երկու հարցում են դժվարություն ունենում` հասկանալու Թուրքիայի մոտեցումները` հայկական և կիպրական հարցերում: Պետք չէ ակնկալել, որ Սարկոզիի հեռացումով փոփոխություններ կլինեն Ֆրանսիայի դիրքորոշման մեջ հայկական հարցում»,- նշում է թուրք հոդվածագիրը:

No comments: