Thursday, May 17, 2012

Համանախագահների հայտարարության հետևանքը լինելու է առաջնագծում իրավիճակի ապակայունացումը

Mardik.am. 16-5-2012- Համանախագահների հայտարարությունը հեռու է օբյեկտիվ լինելուց և դժգոհություն է առաջացնում մեզանում, քանի որ հայտարարության տեքստում մենք արդարություն չենք տեսնում: Այս մասին mardik.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների` տարածաշրջան կատարած այցի ամփոփիչ հայտարարությանը, ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: «Մենք, լինելով կողմերից մեկը, չենք պահանջում, որ համանախագահները հայանպաստ հայտարարություններ անեն, այլ պարզապես մեր հանրությունը պահանջում է, որ նրանք օբյեկտիվ լինեն»,- նշեց Դ.Ջամալյանը` հավելելով, որ բոլորովին բարդ չէ իմանալ, թե ինչպես է ադրբեջանական բանակը կրակ բացել մանկապարտեզի ուղղությամբ: Նա վստահ է, որ ցանկության դեպքում կարելի է պարզել, թե ով է նախահարձակը: «Այստեղ պետք է քաղաքական կամք, իսկ եթե դա չկա, ապա երկու կողմերի վրա պատասխանատվության հավասարաչափ բարդումը վնասում է բանակցային գործընթացին և միջնորդ կառույցին, մինչդեռ հայկական կողմը շահագրգռված է, որ այդ միջնորդ կառույցը հեղինակություն վայելի և գործուն մեխանիզմ լինի առաջին գծում իրավիճակը կայուն պահպանելու առումով»,- հավաստիացրեց ռազմական փորձագետը` ընդգծելով, սակայն, որ ոչինչ չասող, ինքնանպատակ հայտարարություններով առաջնագծում իրավիճակը ոչ թե կայունանալու է, այլ` ապակայունանալու, քանի որ Ադրբեջանում, ըստ նրա, շատ լավ հասկանում են, որ կարելի է խախտել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, ագրեսիա դրսևորել և անպատիժ մնալ: Դ.Ջամալյանի խոսքով` համանախագահների հայտարարության հետևանքը լինելու է առաջնագծում իրավիճակի ապակայունացումը, որովհետև զսպող ոչինչ ադրբեջանիցները չեն տեսնում, բացի հայկական բանակի պատասխան կրակից: Նա չի հերքում, որ համանախագահներն ինքնուրույն չեն իրենց որոշումներում և երբեմն արդար էլ չէ նրանց երեքին մեղադրելը, քանի որ նրանք ներկայացնում են իրենց երկրների շահերը: Սակայն մի բանում Դ.Ջամալյանը համոզված է, որ համանախագահող երեք երկրներին ձեռնտու չէ պատերազմը մեր տարածաշրջանում, այդիսկ պատճառով նա գտնում է, որ համանախագահները պետք է փորձեն ավելի արդյունավետ մեխանիզմներ գտնել խաղաղությունը պահպանելու համար: Ռազմական փորձագետը նշեց, որ համանախագահների վերահսկողությամբ պետք է միջազգային քննություն իրականացվի` պարզելու` ով է նախահարձակը և նրա հասցեին գնահատական հնչի: «Սա այն է, ինչ մենք հիմա պահանջում ենք, բայց, ցավոք, չենք տեսնում»,- եզրափակեց նա:

No comments: