Thursday, May 17, 2012

Թուրքիայում քուրդ պատգամավորին կդատեն գրոհայինի թաղմանը մասնակցելու համար

Tert.am. 16-5-2012- Թուրքիայի Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 5-րդ դատարանն այսօր քննել է քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Նուրսել Այդողանի դեմ հարուցված հայցը` ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամի թաղման արարողությանը մասնակցելու մեղադրանքով: Ինչպես տեղեկացնում է Haberturk-ը, Այդողանը 2011 թ-ի խորհրդարանական ընտրությունից առաջ մասնակցել է Բիթլիսում ահաբեկչական խմբավորման և Թուրքիայի անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած բախումների ընթացքում սպանված PKK-ականի թաղման արարողությանը: Արարողությունը վերածվել էր բողոքի ակցիայի, իսկ Այդողանը, ըստ մեղադրանքների, քայլել է քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարը կրող թափորի հետևից: Այդողանը նաև մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման անդամին» «նահատակ» անվանելու համար: Կին պատգամավորի դեմ գործ է հարուցվել` «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչությամբ զբաղվելու» մեղադրանքով: Եթե դա հաստատվի, նրան մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 24-ին:

No comments: