«Լրագիր» 11-5-2012- Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը մայիսի 6-ին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների մեջ տեսնում է խորքային պրոցեսներ: Ըստ նրա՝ ՀՀ տարածքում ուրվագծվում է երկու նախագիծ. մեկը անգլոամերիկյան նախագիծն է, մյուսը այն ուժերն են, որոնք կարող են աշխատել նոր գործիքներով ու հիմա ձեւավորվել են որպես հայկական համակարգ, հայկական նախագիծ իրականացնող համախմբում: Մանուչարյանի խոսքով, թատերաբեմում երեւալու են հարվարդյան տղաներն ու հայաստանյան նախագծի կրողները: «Մի քանի տարի է ՀՀ-ում ընթանում են տրանսֆորմացիոն գործընթացներ, որոնք իրականացնում են ամերիկացիներն ու անգլիացիները համատեղ: Այդ առումով վերջին փուլի իրադարձությունները փայլուն ընթացքի մասին վկայող գործընթացներ են: Սրընթաց ձեւով այս տարածքում ձեւավորվում է մի անդմինիստրացիա, որը լինելու է անգլոամերիկյան շահերի իրականացման ադմինիստրացիա: Խորքային իմաստով, սա է ընթանում, եւ ընթանում է բավական հաջողությամբ»,- ասաց պարոն Մանուչարյանը: Նա անգլոամերիկյան ադմինիստրացիայի ՀՀ ներկայացուցիչներ համարում է «հարվարդյան տղաներին»: «Հարվարդյան տղա լինելու համար պարտադիր չէ հենց Հարվարդում կրթություն ստացած լինելը: Դրանք մարդիկ են, որ ընդունելի կրթություն են ստացել արեւմուտքում, ձեռք են բերել ինչ-որ հմտություններ, բայց դրանք խորքային չեն, մյուս կողմից՝ էժանագին կլիշեներով է ձեւավորված նրանց աշխարհայացքը»,- ասաց նա: Մանուչարյանը ստեղծված իրավիճակը համեմատեց ամերիկյան տիեզերական Շատլ համակարգի հետ: «ԱՄՆ-ը Շատլ համակարգից հրաժարվել է տիեզերքում, բայց չի հրաժարվել քաղաքականության մեջ»,- ասաց նա՝ մանրամասնելով՝ այնտեղ տիեզերք է բարձրացնում մի մասը, մնացած ողջ մասը մեծ դույլերում այրվում է՝ անցումն ապահովելու համար: Ըստ Մանուչարյանի՝ կուսակցապետերը, օլիգարխները, մանր ու միջին պաշտոնյաներն ընդամենը մեծ դույլերում այրվող նյութն են, որոնք տիեզերք են բարձրացնում հարվարդյան տղաներին: «Մոտ ժամանակներս, երբ սկսեն ձեւավորվել պետական կառավարման էլեմենտները, կտեսնեք՝ որքան հաջող են գործում Միացյալ Նահանգները,- նշեց Մանուչարյանը,- Իսկ երկրորդ մասն այն երիտասարդներն են, որոնք ընդվզեցին այս իրավիճակի դեմ, արտահայտեցին այս ժողովրդի խորքային երազանքը. այսպես չպետք է լինի կյանքը: Առայժմ նրանք հաջողության չեն հասել: Նույն ՀԱԿ-ում հսկայական զանգված չկարողացավ հասնել նրան, որ ինքը տնօրինի իրավիճակը, ուր մնաց՝ երկրում: Հիմա ՀԱԿ-ում տնօրինում է կուսակցական վերնախավը, որ ձեւավորվել է վերջին 15 տարում: Նրանք բանիմաց, խելացի մարդիկ են, բայց գործ չունեն այն փիլիսոփայական համակարգում, որը ձեւավորվել է»:
Saturday, May 12, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment