Friday, June 8, 2012

Թուրքիայում ապրիլի 24-ին սպանված հայ զինվորի գործով 18 հոգի վկայություն են տվել

News.am. 8-6-2012- Թուրքիայի Բաթման նահանգի Քոզլուքի շրջանում 2011-ի ապրիլի 24-ին զինծառայակցի կողմից սպանված ստամբուլահայ Սեւակ Շահին գործով հերթական դատական նիստին վկայություն են տվել գյուղի պահապանները եւ Սեւակին հիվանդանոց տեղափոխած մեքենայի վարորդը։ Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ դատարանի պահանջով ներկայացած գյուղի պահապանները մոտ 3 ժամ ցուցմունք են տվել՝ պատմելով Սեւակի սպանության օրը տեղի ունեցածի մասին։ Նրանք նշել են, որ այդ ժամանակ միայն Քըվանչ Աղաօղլուի ձեռքին է զենք եղել։ Մոտ 150 մետր հեռավորության վրա գտնվող հերթապահ բաժնում թեյ էինք խմում, երբ լսեցինք կրակոցի ձայն։ Նայեցինք զինվորների կողմը՝ տեսանք, որ Սեւակն ընկած է գետին, իսկ նրանից 3 մետր հեռու՝ Քըվանչն է։ Սեւակին մեքենայով տեղափոխեցինք հիվանդանոց, սակայն նա մինչ հիվանդանոց հասնելը մահացավ»,-ասել են գյուղի պահապանների մի մասը։ Սեւակի ընտանիքի փաստաբան Իսմաիլ Ջեմը նշել է, թե գյուղի պահապանների վկայությունները շատ կարեւոր են, քանի որ դրանցում իրարամերժ հայտարարություններ կան։ Նշենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ սպանությունը տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։ Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։

No comments: