Saturday, June 23, 2012

Թուրքիայի գլխավոր շտաբի պետը խոստանում է 3 պայմանի ապահովման դեպքում ամբողջովին ոչնչացնել PKK-ն

1in.am. 23-6-2012- Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Նեջդեթ Օզելը, որը քրդերի դեմ քիմիական զենք կիրառելու համար հայտնի է «քիմիական Նեջդեթ» մականունով, անդրադարձել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի խնդրին. «Թուրքական զորքերը կարող են ամբողջովին ոչնչացնել Իրաքի հյուսիսում գտնվող Ղանդիլի լեռներում բազավորված PKK-ին: Դա անելու համար թուրքական զորքերը պետք է խոշոր հարձակում սկսեն Հյուսիսային Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարների վրա՝ ցամաքային ու օդային ուժերի ներգրավմամբ: PKK-ին ոչնչացնելու համար անհրաժեշտ է 3 պայմանի ապահովում. ա) Թուրքիայի կառավարության կողմից ներխուժման թույլտվություն, բ) ներխուժմանն ամերիկյան հետախուզության աջակցում, գ) թուրք ժողովուրդը պետք է պատրաստ գտնվի թուրք զինծառայողների շրջանում հնարավոր մեծ կորուստներին»: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի կեսին Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի որդին՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վաշինգտոնյան ներկայացուցիչ Քուբադ Թալաբանին, Haber Türk-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր. «Ասում են, որ եթե ոչնչացվեն Ղանդիլում բազավորված 3000 PKK-ականները, ապա հարցը կլուծվի: Սակայն դա այդպես չէ. չէ՞ որ Թուրքիայի տարածքում գտնվում է 1 միլիոն PKK-ական: Ռազմական ճանապարհով չի կարելի հասնել հաջողության: Անգամ Սադամ Հուսեյնին չհաջողվեց ռազմական գործողությունների միջոցով ծնկի բերել Ղանդիլում բազավորվածներին: PKK-ն Թուրքիայի ներքին խնդիրն է»:

No comments: