Saturday, June 23, 2012

Ինչ արժե ընդդիմության լռությունը

«Լրագիր» 23-6-2012- Հայկական մամուլում եւ սոցցանցերում հարցադրումներ էին արվում, թե ինչու քաղաքական ընդդիմությունը, որը քաջաբար քննադատեց այսպես կոչված նոր կառավարության ծրագիրը, չդատապարտեց Հարսնաքարի միջադեպը, երբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող այս ռեստորանի անվտանգության աշխատակիցները ծեծել էին ռազմական բժիշկներին, որոնցից մեկը մահամերձ վիճակում է: Հանրությունը թերեւս ակնկալում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը կբարձրացներ այս հարցը, կամ գոնե կդատապարտեր կուսակցությունների հայտարարությունների մակարդակով: Սակայն, մինչ օրս որեւէ կուսակցություն հանդես չի եկել նման հայտարարությամբ: Ո՞րն է պատճառը: Բարգավաճ Հայաստան կուսակցությունն, օրինակ, որը հայտարարել է այլընտրանք լինելու եւ քաղաքական նոր մշակույթի մասին, այս տեսակետից բավական երկիմաստ վիճակում է, քանի որ այս կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի թիկնազորը բազմաթիվ անգամներ հայտնվել է նմանատիպ միջադեպերի մեջ, որոնց «գագաթնակետը» «Տեցի կռուգն» ու մարտի 1-ի իրադարձություններն էին: Հոգեբանորեն դժվար է ԲՀԿ-ի համար, քանի որ եթե դատապարտեն Հարսնաքարի միջադեպը, ապա ԲՀԿ-ին էլ «կհիշեցնեն» բազմաթիվ այդպիսի միջադեպեր: Շատ ավելի հետաքրքիր է ՀՅԴ, Ժառանգության եւ մասնավորապես Հայ ազգային կոնգրեսի պարագան: Երկրում օրինականություն, սահմանադրական կարգ եւ այլ նման բաներ քարոզող այս կուսակցությունների լռությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցն, օրինակ, այն կարծիքին է, որ «խաղերն այնքան մեծ շրջանակ են ներգրավել, որ ընդդիմություն թե իշխանություն, բոլորովին աղճատվել է: Եթե նման բան լիներ մեկ տարի առաջ, անպայման կլիներ դատապարտող հայտարարություն, և քանի որ չկա այդ հայտարարությունը, սա խոսում է այդ ուժերի՝ օլիգարխիկ դաշտի հետ սերտաճվածության մասին»: Բավական տրամաբանական բացատրություն է այն առումով, որ ներկայիս խորհրդարան մտնելը եւ մանդատ վերցնելն այլ բան չէր էլ կարող ենթադրել: Իշխանության «բարեհաճության» շնորհիվ մտնելով այնտեղ, ընդդիմությունը թերեւս պետք է ընդուներ խաղի այն կանոնները, որոնք սահմանել է իշխանությունը: «Օրենքն ու սահմանադրական կարգը» ընդդիմությունը փաստացի մի կողմ էր դրել նախընտրական ժամանակաշրջանում, երբ իբր ՀՀԿ մենաշնորհը վերացնելու նպատակով ստեղծեց միասնական շտաբ, եւ մասնավորապես սկսեց համագործակցել մյուս իշխանական կուսակցության՝ ԲՀԿ-ի հետ, «հանուն նպատակի» աչք փակելով այնպիսի բաների վրա, որոնց դեմ հռչակել էր անողոք պայքար: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն, օրինակ, այդ օրերին գրեթե սակրալ հայտարարություն արեց, ասելով, թե ցույց տվեք մի որևէ փաստ, որ ԲՀԿ ընտրակաշառք է բաժանել: Այս հայտարարությունն արժեր ամեն ինչ: Կարելի է բազմաթիվ օրինակներ հիշել, երբ քրեաօլիգարխիկ իշխանությունն իրեն ուղղված մեղադրանքների առիթով հակադարձում էր՝ ցույց տվեք փաստ... Այսինքն՝ «դակազատ» արեք: Այդ թվում՝ Կոնգրեսի մեղադրանքների մասով: Փաստացի, Կոնգրեսը նույնպես անցել է քրեաօլիգարխիկ համակարգի «պանյատկաներին», որտեղ «ջոկվում» է ճիշտն ու սխալը: Երեւի, հիմա էլ սպասում են տեսնեն՝ «ճշտով» էին արդյոք անվտանգության աշխատակիցները ծեծել բժիշկներին, թե «սխալով»: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ իրենք վարում են «հանճարեղ քաղաքականություն», որը հասու չէ ոչ քաղաքական դաշտին, ոչ էլ հանրությանը: Պետք է ենթադրել, որ Հարսնաքարի միջադեպը «մանր-մունր» հարց է հանճարեղ քաղաքականության տեսանկյունից: Արթուր Սաքունցը նաեւ ասում է, թե հնարավոր է՝ ընդդիմությունը կամ վախենում է Ռուբեն Հայրապետյանից, կամ համագործակցում է նրա հետ: Իսկ «վախենալու» առիթ Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ տվել է. օրինակ, նա ասում էր, որ պատրաստ է բանավիճել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որին հիշեցնելու շատ բան ունի, բացի այդ, բազմիցս հրապարակավ սպառնալիքներ ու հաշվեհարդար տեսնելու հայտարարություններ է արել: Վախից մինչեւ «համագործակցություն» թերեւս մեկ քայլ է, ինչպես ասվում է հին կարթագենական իմաստության մեջ: Հայկ Արամյան

No comments: