Saturday, June 23, 2012

Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում նավթի օրական արդյունահանումը հասել է 300,000 բարելի

1in.am. 23-6-2012- Kurdistan.Ru կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում նավթի օրական արդյունահանումը հասել է 300,000 բարելի: Այս մասին Լոնդոնում տեղի ունեցած էներգետիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է քրդական ինքնավարության կառավարության բնական պաշարների նախարար Աշթի Խավրամին: Վերջինիս խոսքերով՝ Իրաքյան Քրդստանը, չնայած օժտված է օրական այդ քանակությամբ նավթ արդյունահանելու պոտենցիալով, սակայն դեռ դա չի անում՝ Բաղդադի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով. «Մենք դադարեցրել ենք Բաղդադի խողովակաշարով մեր նավթի արտահանման գործընթացը: Մենք մտադիր ենք էլ ավելի մեծացնել նավթի արդյունահանումը և արդեն այս տարեվերջին այդ ցուցանիշը հասցնել մինչև օրական 400,000 բարելի: 2015 թվականին նավթի օրական արդյունահանումը կազմելու է 1 միլիոն բարել, իսկ 2020 թվականին՝ 2 միլիոն բարել: Իրաքյան Քրդստանի նավթի ապացուցված պաշարները կազմում են մոտ 40 միլիարդ բարել»: Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան ձգտում է օգտվել Իրաքի կենտրոնական կառավարության ու Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության միջև առկա տարաձայնություններից, և ավտոցիստեռներով սկսել ներկրել «քրդական նավթ»: Սկզբնական փուլում Թուրքիան նախատեսում է Հյուսիսային Իրաքից օրական ներկրել 15,000 բարել նավթ: Սակայն Թուրքիան չի պատրաստվում սահմանափակվել միայն այդքանով. նա անգամ պլանավորել է մինչև 2013 թվականը նոր նավթամուղ կառուցել դեպի Հյուսիսային Իրաք:

No comments: