Wednesday, June 6, 2012

Պատերազմ

«Լրագիր» 6-6-2012- Տավուշի ուղղությամբ լարվածության հետեւանքով Հայաստանը մի փոքր խառնվել է իրար, հասարակությունը հուզվել է, թե արդյոք հնարավոր է պատերազմի վերսկսում, քաղաքական ուժերը իրենց հատուկ իմաստնությամբ լռում են, քանի որ երբեմն լռությունն է խելոք երեւալու միակ հնարավորությունը: Փորձագիտական հանրույթը դատողություններ է անում հնարավոր պատերազմի, Հայաստանի շուրջ ակտիվացած աշխարհաքաղաքական վիճակի եւ այլնի մասին: Իրականում, ներկայիս իրավիճակի արդյունավետությունը կարող է լինել այն, որ գոնե այժմ Հայաստանում հասարակական-քաղաքական մակարդակում արվեն մի քանի կարեւոր արձանագրումներ, որոնք պետք է արվեին դեռեւս 1994 թվականի հրադադարից հետո: Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական զարգացումները չեն ակտիվանում կամ պասիվանում: Դրսեւորումները պետք չէ շփոթել զարգացումների հետ: Զարգացումները միշտ են ակտիվ, պարզապես երբեմն չունեն արտաքին ակնառու դրսեւորումներ: Հետեւաբար, Հայաստանի հասարակական-քաղաքական դասին պետք է այդ զարգացումներին պատրաստ եւ ադեկվատ լինել միշտ, այլ ոչ թե միայն ակնառու դրսեւորումից դրսեւորում, իսկ մնացյալ ժամանակահատվածում ամեն ինչ թողնել իշխանությանը, միաժամանակ ակնկալիքով, թե իշխանությունը կտապալի ամեն ինչ, եւ շարունակվող աշխարհաքաղաքականության հաջորդ դրսեւորումն արդեն կլինի իշխանության տապալումը Հայաստանում: Հաջորդը. Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ պատերազմը հնարավոր է միշտ, անգամ եթե կան այսպես ասած սառեցված կամ թեժ հակամարտությունների լուծումն ազդարարող, մի քանի կնիքով կնքված փաստաթղթեր: Բանն այն է, որ աշխարհաքաղաքականությունը ինքնին ենթադրում է պատերազմական գործիքների կիրառում, ինչի հավանականությունն առավել մեծ է այն տարածաշրջաններում, որտեղ շատ փոքր տարածքում ապրում են իրավա-պատմական մեծ հակասություններ, որակական, քաղաքակրթական, աշխարհայացքային եւ կրոնական զգալի տարբերություններ ունեցող ժողովուրդներ: Հետեւաբար, Հայաստանը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի, անգամ Ղարաբաղի հակամարտությունն այսպես ասած լուծելուց հետո: Իսկ ինչ է նշանակում լինել պատրաստ պատերազմի: Դա Հայաստանից ամենեւին էլ չի պահանջում արտառոց քայլեր, կամ քայլեր, որոնք հարկ չէր լինի կատարել ասենք “չպատրաստվելու” պարագայում: Հայաստանի դեպքում, նկատի ունենալով տարածաշրջանային, աշխարհագրական, տնտեսա-քաղաքական առանձնահատկությունները, որում ապրում է պետությունը, պատրաստվել պատերազմի` նշանակում է ինտենսիվորեն բացել իր մարդկային ռեսուրսը, ձեւավորել այդ ռեսուրսի համար ազատ ստեղծագործական միջավայր բոլոր բնագավառներում՝ մշակույթ, բիզնես, քաղաքականություն, գիտություն, կրթություն: Հայաստանի պատերազմական թիվ մեկ ռեսուրսը մարդկային այդ պոտենցիալն է, որի շնորհիվ հնարավոր կլինի ձեւավորել արժեքների, եւ ոչ թե նյութական ծավալների, գունային գամմաների եւ օջախի ու խորոված-քյաբաբի ծխի իդենտիֆիկացման վրա հիմնված հասարակություն: Հետեւաբար, միշտ պատրաստ լինել պատերազմի՝ Հայաստանի համար նշանակում է միշտ լինել սահմանադրական, իրավական, արդիական պետություն, որտեղ իրավունքն է ծնում ուժ, արդարություն, վստահություն պետության հանդեպ: Այդ ամենն իհարկե “Խաղաղությու՞ն ես ուզում, պատրաստվիր պատերազմի” սկզբունքի վերարտադրությունը չէ: Այստեղ խնդիրն ավելին է: Խաղաղությու՞ն ենք ուզում, ուրեմն պետք է կարողանանք կառավարել այդ խաղաղությունը: Պատերազմի պատրաստվելը ամենեւին ռազմատենչություն չէ, ռոմանտիկա չէ, պաթետիկ ռազմահայրենասիրություն չէ: Պատերազմին պատրաստվելը խաղաղությանը մատուցված ամենամեծ տուրքն է: Եվ հենց այդ տեսանկյունից, եթե մենք չենք կառավարում մեր խաղաղությունը, այլ այն կառավարում են այլ տերություններ, ովքեր էլ որ նրանք լինեն, ապա մենք արդեն խաղաղության տերը չենք, հետեւաբար չենք կարող լինել պատերազմի տերը, որովհետեւ պատերազմը խաղաղության գործիքներից, խաղաղության ընթացքում ծագող անլուծելի հարցերը լուծելու տարբերակներից մեկն է, գուցե վերջինը, բայց մեկը: Հետեւաբար, եթե մենք չենք կառավարում խաղաղությունը, ուրեմն չենք կարող կառավարել նաեւ դրա գործիքներից մեկը հանդիսացող պատերազմը եւ առավելագույնը՝ մենք կարող ենք լինել գործիք պատերազմը կառավարողների ձեռքին: Ահա թե ինչու պատրաստվել պատերազմի՝ նշանակում է առաջին հերթին կառավարել քո խաղաղությունը: Իսկ դրա համար անհրաժեշտ է ձեւավորել իրավահավասարության, օրինականության եւ արդարության վրա կառուցված հասարակական-պետական միջավայր, իրականացնել արդարացի եւ արդյունավետ կառավարում, որակյալ մրցակցության, գիտելիքի, ինտելեկտի, նաեւ քրիստոնեավարության խրախուսում, որպեսզի հասարակության մեջ չլինեն միմյանց շահագործող շերտեր: Չգիտեմ, թե ով կարող է իրեն թույլ տալ այդ ճոխությունը, բայց Հայաստանն այդ բանն իրեն թույլ տալ չի կարող, եթե չի ուզում տանուլ տալ խաղաղությունն ու պատերազմը փաթեթով: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: