Thursday, June 7, 2012

ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ կողմերին նոր մոտեցումներ կներկայացվեն. Քլինթոն

Tert.am. 6-6-2012- Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նոր մոտեցումներ կներկայացվեն, Բաքվում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Հիլարի Քլինթոնը նշել է, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում նոր մոտեցումներ կլինեն: Նա նշել է, որ այդ հարցը կքննարկվի երկու շաբաթ անց Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում: Անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում հրադադարի խախտման դեպքերին` Քլինթոնը ցավ է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ: «Դա կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների, ինչը պետք է դադարեցվի: Մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ և հետևենք, որ հրադադարի մասին համաձայնագիրը պահպանվի; Նա նշել է, թե ԱՄՆ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմ չի սկսվի: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը` ժամը 04.15-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի հարավային հատվածում (Հորադիզի ուղղությամբ) ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի կողմից ձեռնարկվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի մարտական դիրքերից մեկը ներթափանցելու հերթական փորձը: Ղարաբաղյան ուժերի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին նկատելով ադրբեջանական կողմի նախահարձակ գործողությունը, դիմել են պաշտպանական մարտի և վերջինիս հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմին հասցվել է նշանակալի կորուստներ: Հայկական կողմից զոհվել էր մեկ, վիրավորվել` երկու զինծառայող:

No comments: