Saturday, June 16, 2012

Բաքվին թույլ չեն տա փոխել ստատուս քվոն

«Լրագիր» 15-6-2012- Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բացահայտ հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնվում հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած միջադեպերի հետաքննության մեխանիզմի հետ միայն այն պատճառով, որ դա կնպաստի ստատուս քվոյի պահպանմանը: Դա նշանակում է, որ Ադրբեջանը ճանաչում է զինադադարի խախտման պատասխանատվությունն ու ղարաբաղյան հակամարտությունը ուժի միջոցով լուծելու մտադրությունը: Իսկ դա իր հերթին Հելսինկյան եզրափակիչ ակտի ուղիղ խախտում է: Արբեջանը դեռ հանգիստ կցուցադրի այդ Ակտի խախտման հնարավորությունները, մինչև իր հանդեպ չկիրառվեն պատժիչ մեխանիզմներ: Հելսինկյան եզրափակիչ ակտը ընդունվել է 1975 թվականի օգոստոսի 1-ին Վարշավյան պայմանագրի կազմակերպության նախաձեռնությամբ, որն ուզում էր կարգավորել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Ակտը ընդունվել էր ԵԱՀԿ շրջանակներում և եվրոպական պետություններին երաշխավորել սահմանների անխախտելիություն, հակամարտությունների խաղաղ կարգավորում, ներքին գործերին չմիջամտելը, ուժի կիրառումից հրաժարվելը, նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը հարգելու պարտականությունը և մարդու իրավունքները: Ադրբեջանն ու Հայաստանը նույնպես միացել են այդ փաստաթղթին: Եվ քանի որ այն ընդունվել էր ԵԱՀԿ շրջանակներում, տեսականորեն այդ կազմակերպությունը պարտավոր է հետևել դրա կատարմանը: Սակայն, ըստ երևույթին, Եզրափակիչ ակտը արտահայտում է պարտականություններ կամ նորմեր, որոնք իրավաբանորեն պարտադիր չեն: Այդպիսի պարտականությունների կամ նորմերի խախտումը չի հանգեցնում միջազգային իրավական պատասխանատվության: ԵԱՀԿ չունի ոչ մեխանիզմ, ոչ ուժ, ոչ էլ օրենսդրական դաշտ Ադրբեջանին հակամարտության կարգավորման ժամանակ ուժ գործադրելու պատճառով մեղադրելու համար: Ադբեջանը հասկանում է այդ ամենը և անդրադառնում է Եզրափակիչ ակտին միայն այն բանի համար, որ այնտեղ կա «սահմանների անձեռնմխելիություն» արտահայտությունը: Այս Ակտին են հղում կատարում նաև միջազգային միջնորդները, չնայած նրանք էլ, հատկապես ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի առաջնորդները գիտեն, որ Ակտի խախտումը իրավական պատասխանատվության պատճառ չի դառնա: Իսկ դա նշանակում է, որ տարածաշրջանում զինադադարը պահպանվում է զուտ դիվանագիտական հավասարակշռության և, ինչ-որ չափով, համաշխարհային տերությունների կամքի և քաղաքականության շնորհիվ: Հայաստանը նույնպես չպետք է այդքան ուշադրություն դարձնի Ակտին, չնայած այն սահմանում է ինքնորոշման իրավունքը: Ավելի լավ է կենտրոնանալ ուժի համաշխարհային կենտրոնների առաջարկած այնպիսի ռազմա-քաղաքական, էներգետիկ և ռազմավարական ծրագրերի վրա, որոնք թույլ կտան պահպանել ստատուս քվոն պահպանելու ներկայիս տրամադրվածությունը: Նաիրա Հայրումյան

No comments: