Friday, June 8, 2012

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները. հայտարարություն

Հունիսի 4-10-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ անցկացվել է միաբանական համագումար, որն իր ավարտին հանդես է եկել հայտարարությամբ` հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում վերջին օրերին արձանագրված ցավալի դեպքերի առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հաղորդագրությունից: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. Խորապես անհանգստացած ենք Հայաստանի Հանրապետության` Ադրբեջանին հարող սահմանագծում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հրադադարի ռեժիմի պարբերական խախտման դեպքերով, որոնց հետևանքով վիրավորվում և զոհվում են ինչպես Հայոց բանակի զինվորներ, այնպես էլ խաղաղ բնակիչներ: Վերջին օրերին մենք ականատես եղանք հրադադարի հերթական խախտումների, երբ ադրբեջանական սադրանքի զոհ դարձան ՀՀ սահմանի վրա իրենց ծառայությունը բերող անմեղ զինվորներ: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իր Հովվապետով մշտապես արտահայտել է նվիրվածությունը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման գործընթացին: Որպես Տիրոջ խաղաղության ուղերձի պատգամաբերներ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները` ուղղված տարածաշրջանում փխրուն խաղաղության խաթարմանը: Կոչ ենք ուղղում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ներգրավված միջնորդ երկրներին, միջազգային հանրությանը և տարածաշրջանի հոգևոր առաջնորդներին` ջանքեր գործադրել կասեցնելու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը: Մեր սրտակցությունն ենք հայտնում Հայրենիքի սահմանի պաշտպանության ժամանակ զոհված մեր զինվորների ընտանիքներին` հայցելով Սուրբ Հոգու մխիթարությունը վշտաբեկ բոլոր հարազատներին ու մտերիմներին: Միասնական մեր աղոթքն ենք վերառաքում առ Աստված վիրավոր զինծառայողների շուտափույթ ապաքինման, այլև հայրենի եզերքներում խաղաղ ու անվրդով կյանքի համար: Եվ թող Ս. Վարդանանց և Սարդարապատի մեր զորականների շունչն ու ոգին միշտ ուղեկից լինեն հաղթական Հայոց Բանակին` ի պաշտպանություն դարերի մաքառումով և բազում կյանքերի թանկ գնով ձեռք բերված անկախության ու խաղաղության և արցախահայության ազատ ապրելու իրավունքի»:

No comments: