Saturday, June 23, 2012

Սիրիական իշխանությունները հաստատել են, որ կործանել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավը

News.am. 23-6-2012- Սիրիան հաստատել է, որ թուրքական օդանավը խփվել է իր միջոցներով: Պետական լրատվական «ՍԱՆԱ» գործակալությունը տարածել է պաշտպանության նախարարության հաղորդագրությունը: Ծովափից 1 կմ հեռավորության վրա գտնվող օդանավի ուղղությամբ կրակ է արձակվել: Օդանավն ընկել է ծովը` ափից 10 կմ հեռավորության վրա, Սիրիայի ջրերում, ընդգծել են պաշտպանության նախարարության ներկայացուցիչները: Ավելի ուշ հաստատվել էր, որ ոչնչացված թիրախը թուրքական ռազմական օդանավ է եղել: Օդանավն ընկնելու վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում, որին մասնակցում են սիրիական եւ թուրքական զինվորականները: Օդանավի երկու օդաչուների մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունիսի 22-ի կեսօրին Թուրքիայի ռազմաօդային ուժերի օդանավն անհետացել էր Միջերկրական ծովի ջրերում: Ենթադրվում էր, որ այն ընկել էր սիրիական ջրերը: Ավելի ուշ տեղեկություն էր հայտնվել, որ տեղի բնակիչները տեսել էին` ինչպես է խփվել օդանավը: Հետո հաղորդագրություն էր հայտնվել Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որ սիրիական իշխանությունները ներողություն են խնդրել օդանավը խփելու համար: Հաղորդվել էր, որ օդաչուներին փրկել են: Սակայն հունիսի 22-ի երեկոյան հատուկ մամլո ասուլիսում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայափ Էրդողանը հերքել էր այդ լուրերը: Կատարվածի հետ կապված` Թուրքիայի կառավարությունը հունիսի 22-ի երեկոյան արտահերթ խորհրդակցություն է գումարել ռազմական հրամանատարության մասնակցությամբ: Խորհրդակցությունից հետո Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան կհայտնի իր դիրքորոշումը եւ անհրաժեշտ քայլեր կձենարկի, երբ կատարվածի բոլոր հանգամանքները պարզվեն»:

No comments: