Thursday, June 7, 2012

Ի՞նչ է խայթել Ալիեւին

«Լրագիր» 6-6-2012- Վերջին ամիսներին Ադրբեջանը ակնհայտորեն հայտնվել է Արեւմուտքի նշանառության տակ: Առաջին եւ նշանակալի կրակոցներից մեկը հանդիսացավ ամերիկյան Foreign policy ամսագրի մի հրապարակում, որտեղ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրին, ամսագիրը նշում էր Իրանի դեմ հարվածների համար Իսրայելին տարածք տրամադրելու Բաքվի եւ Թել Ավիվի միջեւ եղած պայմանավորվածության մասին: Դա բավական լուրջ հարված է Իրանի հետ անմիջական հարեւան Ադրբեջանին, որ հասցրեց Միացյալ Նահանգներն այդ երկրին: Դրանից հետո, Ադրբեջանը հարվածը հարվածի հետեւից էր ստանում: Ադրբեջանը արժանացավ Իրանի նախատինքին, կապված Բաքվում Իրանի դեսպանատան դեմ բողոքի ցույցի ընթացքում Իրանի հոգեւոր առաջնորդի հասցեին հնչած կոպիտ եւ վիրավորական արտահայտությունների հետ: Եվրատեսիլ երգի մրցույթը Ադրբեջանի համար ընդհանրապես վերածվեց մղձավանջի: BBC-ն հրապարակեց հայտնի ֆիլմն ալիեւյան բռնատիրության մասին, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները գրոհի տակ առան Ադրբեջանն ու հայտարարեցին, որ այդ երկիրը չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք վայել կդարձնեն այնտեղ եվրոպական երգի մրցույթի անցկացումը: Գագաթնակետը եղավ թերեւս այն, որ Բաքվի Եվրատեսիլում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը, ինչն ուշագրավ էր նրանով, որ նա Բաքվում եղած ժամանակ հանդիպում էր ունեցել նաեւ Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակների հետ: Ի դեպ, այդ ամբողջ ընթացքում, երբ Ադրբեջանի վրա էր գալիս համակողմանի ալիքը, այդ ընդդիմադիրները նկատելի ակտիվացել էին ներքին կյանքում: Ահա այդ պայմաններում, Ալիեւին թերեւս այլ բան չի մնում, քան դիմել շանտաժի, որի համար ամենահարմար տարբերակը հայ-ադրբեջանական գիծն է, տարածաշրջանային կայունության իր նշանակությամբ: Ալիեւին թերեւս ոչ այնքան Ղարաբաղն է հետաքրքրում, որքան սեփական իշխանությունը, որի համար նա երեւի թե որոշակի մտահոգություններ է տեսնում Արեւմուտքի պահվածքում: Այստեղ խնդիրը թերեւս այն է, որ Արեւմուտքն ըստ երեւույթին Սիրիայից հետո “արաբական գարնան” հերթի է դրել ոչ թե Իրանը, այլ Ադրբեջանը: Կամ Ալիեւը թերեւս զգացել է, որ հայտնվում է հերթում, ընդ որում Իրանից առաջ: Բանն այն է, որ Իրանի խնդիրը արեւմտյան օրակարգում որոշակիորեն ենթարկվում է տրանսֆորմացիայի, վերամոդելավորման: Խնդիրն այն է, որ եթե անգամ Իրանի պարագայում մնա ուժային տարբերակը, որպես միակ լուծում, միեւնույն է դրա համար նախ անհրաժեշտ կլինի հնարավորինս վերահսկել Իրանի հարակից շրջապատը, Թեհրանին զրկելով ուժային լուծման պարագայում տարածաշրջանային դետոնացիա առաջացնելու հնարավորությունից: Դա ենթադրում է, որ Արեւմուտքը պետք է հնարավորինս լայն վերահսկողություն հաստատի Իրանի շրջակայքում՝ Սիրիա, Իրաք, Պակիստան, Ադրբեջան, Հայաստան, Միջին Ասիա: Որքան թույլ լինի այդ շրջապատում Արեւմուտքի վերահսկողությունը, այդքան ավելի մեծ կլինի ուժային լուծման, կամ թեկուզ քաղաքական ուժեղ ճնշման պարագայում տարածաշրջանային ապակայունացման միջոցով պաշտպանվելու, այլ կերպ ասած՝ միկրոռեգիոնալ քաոս առաջացնելու Իրանի հնարավորությունը: Թերեւս նաեւ դրանով կարելի է պայմանավորել վերջին շրջանում ԱՄՆ ուշադրությունն ու ռազմական գործողությունները Պակիստանում, բնականաբար իրադարձությունները Սիրիայում: Եվ թերեւս դրա մաս է նաեւ Արեւմուտքի ճնշումը Ադրբեջանի հանդեպ: Ի դեպ, ամենեւին բացառված չէ, որ Իրանի շրջակայքը «ականազերծելու» մղումով է նաեւ Միացյալ Նահանգները վերջին շրջանում ինտենսիվացրել հարաբերությունը Հայաստանի հետ եւ այն հասցրել աննախադեպ գործակցության մակարդակի: Պարզապես, Հայաստանի դեպքում ընտրվել է ոչ թե ճնշման, այլ խրախուսման տարբերակը, ելնելով պետական ու հասարակական, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ու աշխարհագրական մի շարք առանձնահատկություններից: Ալիեւի համար գուցե անհասկանալի է, թե մինչեւ ուր կարող է ճնշել Արեւմուտքը: Բանն այն է, որ Ադրբեջանի ղեկավարը նավթային եւ գազային ռեսուրսի շնորհիվ որքան կախյալ է Արեւմուտքից, այդքան էլ բավական ինքնաբավ է դարձել որոշակի երկակի խաղեր խաղալու հարցում, ինչի վկայությունն են օրինակ Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի պարագայում Ռուսաստանին գնային աննախադեպ պայմաններ թելադրելը, կամ Իսրայելի հետ ռազմա-տեխնիկական բավական մեծ ծավալի հարաբերություն հաստատելը: Ադրբեջանը դրսեւորում է որոշակի ինքնուրույնություն եւ ինքնաբավություն, որն Արեւմուտքին ամենեւին դուրեկան չէ, ոչ այնքան Ադրբեջանի անկանխատեսելի գործողությունների մտահոգությամբ, որքան այդ տերությունների կողմից Ադրբեջանն օգտագործելու առումով: Ալիեւին հասկացրին այդ ամենը, չբացելով իհարկե հնարավոր ճնշման առավելագույն սահմանը՝ հնազանդության երդում, թե իշխանափոխություն արաբական սցենարներով: Անելանելիության մեջ հայտնված Բաքվի խանին թերեւս այլ բան չի մնում, քան դիմել շանտաժի եւ փորձել սպառնալ Արեւմուտքին շաբաթն ուրբաթից շուտ բերելով, այսինքն տարածաշրջանային ապակայունացմամբ: Այստեղ իհարկե հնարավոր է զարգացման երկու հիմնական տարբերակ: Կամ Արեւմուտքը Ալիեւին կքաշի իր իսկ դրած ծուղակն ու նրա հարցը միանգամից կլուծի Հայաստանի հետ պատերազմի միջոցով, կամ պարզապես Ալիեւին ուղղակիորեն կասեն, որ նա ունի մի շանս՝ սսկվել հնարավորինս արագ եւ խորը: Իհարկե, այստեղ էական է դառնում ռուսական եւ իրանական գործոնը: Իրանի համար մի կողմից շահեկան չէ այն, որ Արեւմուտքը լուծի Ալիեւի հարցը, մյուս կողմից էլ Իրանն իհարկե իր հարցերն ունի Ալիեւի քաղաքականության հետ կապված: Գրեթե նույն վիճակն է նաեւ Ռուսաստանում, որն անկասկած կարող է մտածել Ադրբեջանի շանտաժի միջոցով Հայաստանում իր ռազմական ներկայությունը տարածելու եւ ավելացնելու մասին: Արդեն իսկ Հայաստանում որոշ ռուսական ապոլոգետների շուրթերից հնչել են այդպիսի հայտարարություններ, հայ-ադրբեջանական սահմանում էլ ռուսական ռազմակայաններ տեղակայելու մասին: Ընդ որում, այդ գաղափարը հայաստանյան մամուլում է հայտնվել դեռեւս այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ռուսաստանը թարմացնում էին ռուսական ռազմակայանների մասին պայմանագիրը՝ 2010 թվականին: Այդ ժամանակ տեղեկություն հայտնվեց, թե ռազմակայան կարող է տեղակայվել նաեւ հայ-ադրբեջանական սահմանին /ներկայումս դրանք միայն թուրքական սահմանի մոտ են/: Բայց այդ տեղեկությունը Հայաստանի պաշտոնյաները հերքեցին: Ըստ երեւույթին, Ռուսաստանը ներկայում Ալիեւի եւ Արեւմուտքի միջեւ խնդիրների պարագայում ակնկալում է «հաստատել» իր այդ ցանկությունը հայ-ադրբեջանական շփման գծում: Այդ պայմաններում, Արեւմուտքի համար թերեւս նվազում է Ալիեւի հարցը պատերազմի միջոցով լուծելու հնարավորությունը, քանի որ Իրանը, եւ հատկապես Ռուսաստանը դա թույլ չեն տա, որովհետեւ ռուսական զորքը հայ-ադրբեջանական սահմանում ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ թերեւս Ալիեւին է ավելի շատ պաշտպանելու: Հետեւաբար, Արեւմուտքը տվյալ պարագայում գուցե ափսոսանքով, բայց թերեւս ստիպված է լինելու հրաժարվել հետագա ռազմական էսկալացիայից, քանի որ դրանով մեծ խնդիր լուծելը տվյալ պարագայում կարող է լինել անհնար, իսկ մանր խնդիրները լուծելու համար Արեւմուտքը թերեւս տիրապետում է շատ ավելի նուրբ տեխնոլոգիաների, եւ հազիվ թե արդարացնի Ռուսաստանի ակնկալիքները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: