Wednesday, June 6, 2012

Ներկայացվեցին թուրք և հայ լրագրողների մեկամսյա աշխատանքները

Tert.am. 6-6-2012- Երկու տարի առաջ մեկնարկած «Մեդիա երկխոսություն. Հայաստան-Թուրքիա» ծրագիրն այսօր ավարտվեց նույն անվանումը կրող գրքի շնորհանդեսով: Ծրագրի կազմակերպման նախաձեռնությունը պատկանում է «Ինտերնյուս» մամուլի աջակցության հասարակական կազմակերպությանը և Ստամբուլի մշակութային (Istanbul Kultur) համալսարանի GPOT կազմակերպությանը: «Ինտերնյուս»-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը գրքի շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց ծրագրի փուլերը, ըստ որի, առաջին փուլում հայ և թուրք լրագրողները նախ ժամանել են մեկմեկու երկրներ. մեկ ամիս շարունակ հնարավորություն ունենալով գտնվել հարևան երկրում նրանք այցելել են տեսարժան վայրերր, ծանոթացել երկրի հասարակական և քաղաքական կյանքին, մշակույթին ու պատմությանը՝ միաժամանակ, համապատասխան նյութեր փոխանցելով իրենց լրատվամիջոցներին: «Այս ընթացքում Հայաստանի և Թուրքիայի 8 լրագրող, ընդհանուր առմամբ, հրապարակել են ավելի քան 300 հոդված, ռադիո և հեռուստատեսային նյութեր, ակնարկներ: Այս գրքույկում տեղ են գտել դրանցից մի քանիսը»,- տեղեկացրեց Նունե Սարգսյանը: «Վաթան» օրաթերթի թղթակից Մութլու Թոնբեքիջին իր «Ձմռան մի ցուրտ օր» հոդվածում գրում է. «Հայաստանը մեր հազարամյա հարևանն է, որի մասին ես գրեթե ոչինչ չգիտեի, բացի նրանից, որ Հայաստանն աղքատ է, և այնտեղ սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել»: Ապա թուրք լրագրողը հավելում է, թե ինքը Երևանը հետամնաց մի քաղաք էր պատկերացնում, բայց տեսնելով «Զվարթնոց» շքեղ օդանավակայանը իր պատկերացումները միանգամից փոխվել են: Հայաստանում գտնված ժամանակ երկրորդ «շոկը», ըստ թուրք լրագրողի, նա ապրել է տեսնելով խաղատները, բրենդային խանութները: Մութլու Թոնբեքիջին իր հոդվածում եզրահանգում է. «Քաղաքը գեղեցիկ է, մանրակրկիտ ձևով նախագծված»: Հայաստանից «Հետք» լրատվամիջոցի թղթակից Վահե Սարուխանյանն իր ստամբուլյան օրագրում պատմում է ապրիլի 24-ին թուրքական քաղաքում կազմակերպված Հայոց ցեղասպանության զոհեի հիշատակին նվիրված ակցիայի մասին, որին ինքն անձամբ մասնակցել էր: Հայ լրագրողը միաժամանակ ներկայացնում է ակցիային զուգընթաց հնչող թուրք ազգայնականների գոռգոռոցը և նշում.«Ազգայնականների գոռոցները ոչինչ են այն փաստի ֆոնին, որ այսօր ինչպես որոշ թուրք գործիչներն են խոստովանում, հայերի ցեղասպանության թուրքական տաբուն ճեղքեր է տվել և կամաց-կամաց ավելի շատ մարդիկ են ասում՝ այո՛, նման բան եղել է»: Գրքի շնորհանդեսի շրջանակներում նաև ներկայացվեցին հայ և թուրք լրագրողների նկարահանած ֆիլմերից մի քանիսը:

No comments: