Tuesday, June 5, 2012

Ադրբեջանցի պրոֆեսոր. Ադրբեջանցիների բոլոր դժբախտությունները կապված են Հեյդար Ալիև գործոնի հետ

Panorama.am. 5-69-2012- Վաշինգտոնի Վուդրո Վիլսոնի անվան միջազգային գիտական կենտրոնում տեղի է ունեցել ադրբեջանցի պատմաբան Ջամիլ Հասանլիի` «Ստալինը և Սառը պատերազմի թուրքական ճգնաժամը. 1945-1953» աշխատության շնորհանդեսը: Ըստ «Ազադլիգ»-ի` ԱՄՆ-ում բնակվող մի այլ ադրբեջանցի մտավորական Թոֆիգ Շախտախտինսկին այդ աշխատությանն արած անդրադարձում գրում է, որ Ջամիլ Հասանլին այն մտավորականներից է, որ համարձակություն է ունեցել Հեյդար Ալիևի` խորհրդային շրջանից սկսած` Ադրբեջանի ղեկավար եղած տարիներին կեղծ ճանապարհներով գիտական աստիճաններ ստացած գիտնականներին «մռթմռթան ակադեմիկոսներ» անվանել: Հեյդար Ալիևի ղեկավարության տարիների մասին Հասանլին ժամանակին հայտարարել է, որ Ադրբեջանում բարձրագույն գիտական աստիճաններ շնորհող կառույցի կարիք չկա, քանի որ գիտական կոչումները շնորհում է անձամբ ինքը` Հեյդար Ալիևը: Շախտախտինսկին նկատում է, որ եթե 2000 թ-ին որակավորման կառույց ներկայացվել է տարեկան 557 աշխատություն, ապա 2004-2007 թթ-երին այդ թիվը յուրաքանչյուր տարի 4 անգամ աճել է, իսկ 2010 թ-ին եղել է 1155: Այն աշխատությունները, որոնք հովանավորվել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի կողմից, հաստատվել են 3-4 ամիս հետո, իսկ «անտերները»` լավագույն դեպքում` 5-8 տարի հետո: «Այո, հենց այդ «մռթմռթան ակադեմիկոսներն» են, որ այսօր ղեկավարում են Ադրբեջանը», -նշում է Շախտախտինսկին: «Ադրբեջաական ժողովրդի գլխին բացված բոլոր դժբախտությունները կապված են ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանը կրկին իրեն հատուկ կերպով արևելյան մեթոդով խորհրդայնացրած-հեյդարացրած Հեյդար Ալիևի գործոնի հետ: Առաջին նախագահի թուլությունը, երկրորդ նախագահի անփորձ լինելը, մյուս կողմից էլ ղարաբաղյան պատերազմը օգնեցին Հեյդար Ալիևին կրկին իշխանության գալ: Պատերազմում ունեցած անհաջողությունները, միմյանց թշնամի զինված խմբավորումները, ներքին պառակտությունները ժողովրդին մոռացնել տվեցին Հեյդար Ալիևի` ԿԳԲ-ի գեներալ և «քաղբյուրոյի» անդամ լինելն, ու նրան հանձնվեց երկրի իշխանության ղեկը: Ադրբեջանական ժողովրդի ամենամեծ սխալը սկսվեց հենց նրանից, որ սկզբում ավագ Ալիևը, հետո էլ կրտսեր Ալիևը 20 տարի շարունակ թույլ չեն տալիս Մութալիբովին բնակվել հայրենիքում: Իշխանության գալուց կարճ ժամանակ հետո Հեյդար Ալիևը շրջապատից հեռացրեց իրեն իշխանության բերած և 1990-ականներին կարևոր դերակատարություն ունեցած մարդկանց: Նրանցից շատերին վերացրեց, մնացածներն էլ հեռացան Ադրբեջանից: Մեկ էլ աչքներս բացեցինք և տեսանք, որ նոր խորհրդային կոմկուս-Ենի Ազերբայջան կուսակցություն, նոր Լենինիզմ-Հեյդարիզմ, նոր Մեծ Հանճար (Լենին)-Առաջնորդ, նոր հոկտեմբերիկներ-հեյդարականներ են ստեղծվել և մանուկները «Լենին պապի» երգի փոխարեն «Հեյդար պապի» երգն են երգում. Լենինի ծննդյան օրվա պես Հեյդար պապի ծննդյան օրը` մայիսի 10-ը, տոնական է համարվում Ադրբեջանում: Երկիրը կրկին խորհրդայնացվելու հարյուրավոր նման զուգահեռներ կարելի է տանել: Ժամանակին Լենինի անվան զբոսայգիները, պողոտաները, հրապարակները, մարզադաշտերը, օդանավակայաններն այսօր կրում են Հեյդար Ալիևի անունը: Քաղաքներում և շրջաններում դրված Լենինի արձանները փոխարինվել են Հեյդար Ալիևի` ձեռքն անհայտ ապագային ուղղված արձաններով: Քեզնից անկախ մտածում ես, թե երեկ Լենինի, Ստալինի, Ձերժինսկու արձանները տապալած այսօրվա առաջնորդներն ինչու են դրանք փոխարինում իրենց արձաններով: Տեսնես նման մարդկանց երեսին թքելու համար դեռ ինչքա՞ն տեղ կա…», -նշում է ադրբեջանցի մտավորականը:

No comments: