«Լրագիր» 27-6-2012- Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ իշխանական բուրգի մոնոլիտը քայքայվում կամ փլուզվում է, ոչ թե ինքնաբերաբար, այլ ընդդիմադիր ուժերի մտածված գործողությունների շնորհիվ: Հասկանալի է Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության ձգտումը, մոնոլիտի քայքայումը վերագրել սեփական գործունեությանը, ԲՀԿ-ի հետ գործակցելու Կոնգրեսի “իմաստնությանը” կամ քաղաքական “հանճարին”: Ի վերջո, Կոնգրեսը վերջին երկու-երեք տարիներին ունի գոնե սեփական համակիրներին իր գործունեության արդյունքների մատուցման խնդիր, ինչի շրջանակում էլ մոնոլիտի քայքայումը մատուցվում է իբրեւ Կոնգրեսի գործունեության եւ “հանճարի” արդյունք: Բայց, այդ արդյունքը մեղմ ասած չափազանցություն է: Բանն այն է, որ Հայաստանում իշխանական մոնոլիտը քայքայվել է ոչ թե 2012 թվականի խորհրդարանի ընտրության շեմին, կամ դրանից առաջ, այլ դեռեւս 2006-07 թվականներին, երբ Ռոբերտ Քոչարյանը խաղի մեջ մտցրեց Բարգավաճ Հայաստանին ու Վարդան Օսկանյանին: Օսկանյանը շատ կարճ մնաց դրա մեջ, իսկ Բարգավաճ Հայաստանի առաջին մուտքն էլ ծայրահեղ անարդյունավետ ստացվեց, եւ 400 հազար անդամի մասին հայտարարող կուսակցությունը 2007 թվականին ստացավ ընդամենը 200 հազար ձայն եւ զիջեց խորհրդարանը ՀՀԿ-ին: Բայց, Ռոբերտ Քոչարյանի նպատակն էր խորհրդարանում չեզոքացնել ՀՀԿ-ի բացարձակ մեծամասնության հեռանկարը, ԲՀԿ-ի շորհիվ ապահովել համեմատաբար անաղմուկ ընտրություն եւ մեծամասնություն, դառնալ այդ մեծամասնության վարչապետը, իսկ Վարդան Օսկանյանին էլ առաջադրել 2008 թվականի նախագահի ընտրությանը: Իշխանական մոնոլիտը քայքայված էր դեռ այդ ժամանակ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը չէր վերադարձել քաղաքականություն, եւ երբ Հայաստանում փաստացի գոյություն չուներ որեւէ հզոր ընդդիմադիր ուժ կամ շարժում: Հետագայում, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի եւ Հայաստանում ընդդիմադիր հզոր շարժման ձեւավորման գործընթացը իշխանությանը ստիպեց մի կողմ դնել ներքին տարաձայնություններն ու գործել միասնական: Ներիշխանական տարաձայնությունները վերստին աշխուժացան այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը բավական թույլ է եւ այլեւս անկարող է թելադրել ներքաղաքական գործընթացի օրակարգ: Ավելին, դրանից հետո, ներիշխանական “երկվությունն” ինչ որ իմաստով ստացավ նաեւ միջազգային լեգիտիմություն: Եթե 2011 թվականին միջազգային լեգիտիմություն ուներ Կոնգրեսի եւ Սերժ Սարգսյանի երկխոսությունը, ապա 2011-ի ավարտին արդեն այդ երկխոսության միջազգային միջնորդների համար պարզ դարձավ, որ Կոնգրեսը կորցրել է այդ երկխոսության ընթացքում Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին քաշային համարժեք մրցակցություն առաջադրելու ռեսուրսը, եւ սկսեց ավելի շատ ուշադրության արժանանալ ԲՀԿ-ի ռեսուրսը՝ որպես Սերժ Սարգսյանին եւ իշխանությանը հակակշռելու հնարավոր բեւեռ: Այդ իմաստով, փոքր ինչ չափազանցություն է այն, թե ԲՀԿ-ն արտաքին ասպարեզում հանդիսանում է բացառապես ռուսական ընկալման ուժ: Այդ իմաստով հետաքրքրական է Վարդան Օսկանյանի անդամակցումը Բարգավաճ Հայաստանին, միեւնույն ժամանակ արեւմտյան երկրների դեսպանների ուշադրությունը ներկայում նրա դեմ կատարվող գործողությունների հանդեպ: Դա ամենեւին չի նշանակում, որ Արեւմուտքն էլ, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը, չի տեսնում այդ ամենի հետեւում Ռոբերտ Քոչարյանին: Որովհետեւ ընդունված է համարել, որ Արեւմուտքը վախենում է Քոչարյանի վերադարձից եւ երկրորդ նախագահին աջակցում է միայն Ռուսաստանը: Հետեւաբար, այդ տրամաբանությամբ, Արեւմուտքը կամ պետք է բացարձակապես անտարբեր լիներ Օսկանյանի ճակատագրի հանդեպ, կամ էլ համարեր, որ նրա հետեւում Ռոբերտ Քոչարյանից ոչինչ չկա: Իրականում, իրավիճակն ամենեւին այդքան պարզունակ չէ: Արեւմուտքի շատ շրջանակների համար Ռոբերտ Քոչարյանի վերադարձը գուցե անցանկալի է, բայց արեւմտյան քաղաքականությունը չափազանց պարզունակ կլիներ, եթե փորձեր “ջայլամի” նման չնկատել Ռոբերտ Քոչարյանի գործոնի թեկուզ ոչ ուժգին առկայությունը եւ չփորձեր այդ գործոնը հնարավորինս ներառել իր ազդեցության ոլորտ, հնարավորինս վերահսկել այդ գործոնը: Ի տարբերություն, օրինակ, Հայ ազգային կոնգրեսի, որի համար ընդամենը մեկուկես տարի առաջ Ռոբերտ Քոչարյանը ԲՀԿ հետեւում կար՝ ինչի մասին 2011 թվականի փետրվարի 16-ի մամուլի ասուլիսում հայտարարում էր այն ժամանակ Կոնգրեսում բավական ակտիվ դերակատարում ունեցող Դավիթ Շահնազարյանը, ով մի քանի ամիս անց ընդգրկվեց նաեւ Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ հետ երկխոսության կոնգրեսական հանձնաժողովում, իսկ երկխոսության անհաջող ավարտից հետո Կոնգրեսի համար Ռոբերտ Քոչարյանը “ցնդեց” ԲՀԿ թիկունքից: Բայց, այդ տրանսֆորմացիան միանգամայն հասկանալի է: ԲՀԿ թիկունքը ներկայում խիստ անհրաժեշտ է փակուղի մտած, հանրային ռեսուրսի ճնշող մեծամասնությունը կորցրած Կոնգրեսի համար: Կոնգրեսի առաջնորդը շատ լավ է պատկերացնում, որ կորցրել է ոչ միայն հանրային, այլ նաեւ միջազգային լեգիտիմության զգալի մասը եւ քաղաքական գործընթացներում գոնե անվանական ներկայության համար պետք է Կոնգրեսը տեղավորել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի դիմակայության շրջանակում: Իսկ Ռոբերտ Քոչարյանի անունը խիստ խանգարող հանգամանք է Կոնգրեսի համար՝ ԲՀԿ թիկունքում տեղավորվելու տեսանկյունից: Բայց, միեւնույն ժամանակ, ակնհայտ է, որ այդ անունը Կոնգրեսի համար վերածվել է ոչ պակաս ունիվերսալ միջոցի, որքան Սերժ Սարգսյանի համար, ինչպես արձանագրում է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մեկ Կոնգրեսը պայքարում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի դեմ՝ ինչպես 2011 թվականի գարնանը, երբ ԲՀԿ-ին մեղադրում էին իրավիճակն ապակայունացնելու փորձի համար, մեկ էլ Կոնգրեսը Քոչարյանին համարում է ամենասարսափած մարդը, ենթատեքստում ներկայացնելով դա որպես սեփական գործունեության արգասիք: Խոշոր հաշվով, այդ ամենը վկայում է, թե վերջին շրջանում, հանրային ու պետական շահի տեսանկյունից որքան մանր, եւ դրանով հանդերձ որքան վտանգավոր շահարկումներով է զբաղված ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքական գործընթացների որակի եւ բովանդակության լուրջ փոփոխության, ընդդիմության նոր որակի ինտիտուցիոնալացման հրապարակային հայտ ներկայացրած քաղաքական ուժը: Այդ ուժը կարճ ժամանակում կարողացավ բավական հարմարավետ տեղավորվել “ով մեզ հետ չէ, մեր դեմ է” ավանդական հայկական քաղաքական մտքին բնորոշ տրամաբանության շրջանակում: Թեեւ, մյուս կողմից, այդ տրամաբանությունը Հայաստանի քաղաքական դաշտ ներմուծել էին հենց նրանք, ովքեր ժամանակի ընթացքում հասարակական-քաղաքացիական գերիշխանության փոխարեն Հայ ազգային կոնգրեսում հաստատեցին նոմենկլատուրային գերիշխանություն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, June 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment