Thursday, June 7, 2012

Քլինթոնն Ադրբեջանում դեմ է հանդես եկել Սիրիայի հարցով Իրանի մասնակցության վերաբերյալ Լավրովի առաջարկին

Tert.am. 7-6-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մերժել է Իրանի մասնակցությամբ պետությունների հանդիպում կազմակերպելու Ռուսաստանի առաջարկը: ՌԴ-ն առաջարկում է Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վրա ազդեցություն ունեցող երկրների հանդիպում կազմակերպել, որի նպատակը կլինի նրանց համոզել պահպանել Քոֆի Անանի ծրագիրը, հաղորդում է 1news.az-ը: ԱՄՆ պետքարտուղարը նման հայտարարություն է արել այսօր Բաքվում տեղի ունեցած Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում: «Մի քիչ դժվար է պատկերացնել մի երկրի հրավիրելը, որը Ասադի կողմից իր ժողովրդի վրա հարձակվելու ռեժիսորն է հանդիսանում», - ասել է Քլինթոնը: Նա շեշտել է, որ տվյալ փուլում դժվար է խոսել նման հանդիպման կազմակերպման մասին: «Ես չգիտեմ, թե կլինի նման համաժողով, կամ ով հրավիրված կլինի: Ներկայում դա դժվար է ենթադրել», - ասել է նա՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությունը: Նշենք, որ չորեքշաբթի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նման առաջարկով է հանդես եկել Պեկինում: Նա ասել է. «Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վրա իրական ազդեցություն ունեցող երկրների հանդիպում կազմակերպել: Դրանք այնքան էլ շատ չեն: Բոլորը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամներն են, տարածաշրջանի առաջատար երկրները, Թուրքիան, և երևի թե պետք չէ մոռանալ Իրանի մասին, ինչպես նաև Արաբական երկրների լիգայի և Իսլամական համագործակցության կազմակերպությունները: Կարծում եմ, որ իր ներդրումը կարող է ունենալ և ԵՄ-ն», - հայտարարել է Լավրովը Չինաստանի մայրաքաղաքում:

No comments: