Wednesday, June 6, 2012

Ինչ-որ մեկը ցանկանում է զո՞րք մտցնել

«Լրագիր» 5-6-2012- Ադրբեջանը որոշել է լարվածությունը Ղարաբաղից տեղափոխել Հայաստանի հետ սահման՝ Տավուշի մարզ: Երեկ այդ մասին Հիլարի Քլինթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա չի մանրամասնել, թե ինչու է դա արվում, չնայած որ ակնհայտ է՝ Հայաստանին կամ ցանկանում են լիամասշտաբ պատերազմի մեջ ներքաշել, կամ էլ առիթ գտնել տարածաշրջան երրորդ կողմի զորքեր մտցնելու համար: Չնայած այն բանին, որ Հայաստանը չի թաքցնում Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցում իր պատասխանատվությունը, պաշտոնական Երեւանը նույնիսկ պաշտոնական համաձայնագիր չունի ԼՂՀ հետ, եւ համապատասխանաբար, Հայաստանը կարող է պաշտոնապես չներքաշվել Ղարաբաղի պատերազմի մեջ: Իսկ երբ բանը հասնում է Հայաստանի սահմանին, այդտեղ արդեն ոչինչ չես անի: Ու՞մ է ձեռնտու Հայաստանին Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ ներքաշելը: Եվ ո՞վ կցանկանար տարածաշրջան իր ուժերը մտցնել կամ էլ օգտագործել արդեն գոյություն ունեցողները: Ղարաբաղ որեւէ զորքի մուտքը բարդանում է նրա չճանաչված կարգավիճակով: Իսկ Հայաստանը ՀԱՊԿ եւ Ռուսաստանի հետ կապված է պաշտպանական պարտավորություններով, եւ Հայաստանի սահմանին լարվածությունը կարող է հանգեցնել այդտեղ ՀԱՊԿ ուժերի հայտնվելուն: Մյուս կողմից, Արեւմուտքին եւս չէր խանգարի Հայաստանում, որը ոչ մեծ սահման ունի Իրանի հետ, մոբիլ խմբավորումներ ունենալու առիթը: Սակայն հազիվ թե Արեւմուտքը ԱՄՆ պետքարտուղարի այցից առաջ դիվերսիա հրահրեր: Շատ փորձագետներ նկատում են, որ Հարավային Կովկասում, հատկապես, Հայաստանում դեպի Արեւմուտք թեքվելու ակնհայտ միտում կա: Ամեն դեպքում, Հայաստանի գործող իշխանությունները չեն թաքցնում եվրոպական կողմոնորոշումը եւ ԱՄՆ հետ ավելի սերտ հարաբերություններ ունենալու ցանկությունը: Ռուսաստանին չի կարող չանհանգստացնել այդ միտումը: Եվ նրան, հնարավոր է, ծանրակշիռ փաստարկներ պետք կլինեն, որպեսզի «համոզեն» հայ ժողովրդին չքվեարկել «եվրոպամետ» Սարգսյանի օգտին, այլ քվեարկեն «յուրային» ռուսամետ թեկնածուի օգտին: Դրա լավագույն միջոցը սահմանային լարվածությունն է, որն արդեն բազմիցս օգտագործվել է Հարավային Կովկասի երկրներում ներքին քաղաքական իրավիճակները կառավարելու համար: Իդեպ, Ադրբեջանի իշխանությունների համար դա լավ միջոց է ներքին խնդիրները լուծելու համար՝ ամրապնդել ներքին լեգիտիմությունը, «մոբիլիզացնել» հասարակությանն ընդդեմ թշնամական տրամադրված Արեւմուտքի եւ սեփական ժողովրդավարական ընդդիմությանը: Շատ վերլուծաբաններ ենթադրում են, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը կարող է նախաձեռնվել նրանց կողմից, ովքեր ցանկանում են, որ Հայաստանը, վերջապես, «բարկանա» եւ Ադրբեջանին երկրորդ հարվածը հասցնի: Հասկանալի է, որ Երեւանն առանց 100 տոկոսանոց երաշխիքների չի գնա այդ քայլին, եւ վերլուծաբանները գտնում են, որ Հայաստանը կարող էր նման երաշխիքներ ստանալ: Հենց այդ պատճառով լարվածություն է դիտվում Հայաստանի, այլ ոչ թե Ղարաբաղի տարածքում: Վարկածները կարող են բազմաթիվ լինել, սակայն ակնհայտ է այն, որ հայ-ադրբեջանական սահմանից տեղեկությունները սկսում են պատերազմական ժամանակագրություն հիշեցնել: Մարդիկ են մահանում, եւ ում նախաձեռնությամբ էլ լինի դիվերսիան, Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ, պարզ եւ ազնիվ ասի իր հասարակությանը, թե ով է կանգնած այդ դիվերսիաների հետեւում եւ ինչ է մտադիր անել Հայաստանը: Նաիրա Հայրումյան

No comments: