Tuesday, June 5, 2012

Գ. Մելիքյան. Ադրբեջանն աշխարհի հետ խոսում է շանտաժի լեզվով

Panorama.am. 5-6-2012- «Ադրբեջանը Կազանում տապալեց բանակցային գործընթացը, իսկ հիմա խաղաղ համաձայնագրի շուրջ աշխատանքներից է խոսում: Եթե Ադրբեջանը քաղաքական կամք ունենար, ապա 2011 թվականին Կազանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ վճռականություն կդրսևորեր ու իր համաձայնությունը կտար հիմնարար սկզբունքների փաստաթղթին»,- մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե շփման գծում մարդկային կորուստները բացասաբար կազդեն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա և քանի դեռ հակամարտությունը լուծված չէ, նման միջադեպերը, ցավոք, կշարունակվեն, այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում Հայաստանին աշխատանքներ սկսել խաղաղ համաձայնագրի շուրջ: Բանախոսն ընդգծեց, որ այս հայտարարությամբ ադրբեջանական կողմը խոստովանում է, որ դժգոհ է եղել բանակցային պրոցեսում նկատվող զարգացումներից և դրա համար էլ պռովոկացիա է գնացել: «Փաստորեն Ադրբեջանը գրեթե բաց տեքստով սպառնում է, որ եթե ԼՂ հիմնախնդիրը շուտափույթ լուծում չստանա, ապա իրենք դիվերսիոն գործողությունները կշարունակեն: Ադրբեջանցի նախարարի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանին ու Արցախին ուղղված սպառնալիք: Հույս ունեմ, որ միջնորդ երկրներն իրենց վճռական խոսքը կասեն, իսկ սադրիչ գործողություններին վերջ կդրվի»,- ասաց Գ. Մելիքյանը: Վերջինիս ավելացրեց, որ Ադրբեջանն աշխարհի հետ խոսում է շանտաժի լեզվով, ինչը մինչև այս պահը միջքազգային հանրության կողմից որևէ ադեկվատ քայլի չի հանգեցրել:

No comments: